Բան մըն էր, որ եկաւ, անցաւ ու գնաց (Արման Վարդանեանի յիշատակին)

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

dzovinarlok@gmail.com

Օգոստոսի 21-ին տխուր լուր առա թատերագիր Արման Վարդանեանի մասին։ Տխրելուց զատ չափազանց ափսոսացի, բայց ի՞նչ արած, մեր մեծութիւնները չեն տեղաւորւում փոքր ազգի սահմաններում։ Ազգը միջազգային հանրութեան «վկայականն» է պահանջում, եւ Արման Վարդանեանի պարագայում մենք տեսնում ենք նոյնը, ինչ միւս բոլոր մեծ հայ գրողների դէպքում, որոնք գրում էին մայրենի լեզուով (յիշենք, թէ որքան էր ափսոսում Զաւէն Պիպէրեանը, երբ ֆրանսերէնը թողած նախընտրեց հայերէնը, իսկ Շիրուանզադէն փոքր ազգերի համար մայրենիյով գրելը ախտանշեց որպէս անձնասպանութիւն)։ Սակայն այդ մայրենին էլ անհասկանալի էր հայերին, որովհետեւ ո՞վ է առօրեայում, օրինակ, օգտագործում «սակուր» կամ «հադաղակ», «անձրուկ» կամ «մկունդ» բառերը (հին պատերազմական զէնք, գինու մեծ շիշ, անչուէզ, նիզակ), այդ բառերը գուցէ գիտենք թրքերէն, ֆրանսերէն կամ ռուսերէն, բայց զուտ հայերէնը մեզ համար թւում է ես կասէի գերհայերէն։ Իսկ պիէսների նի՞ւթը։

Աշխարհն է գժուել թէ՞ թատրոնը

«Դիւրին ընթեռնելի եւ դժուար հասկնալի արուեստ»,- բնութագրել էր Վարդանեանի պիէսները Էտմոն Ազատեանը։ Ահա եւ վճիռ. եթէ նիւթը հայերէն է, բայց հայրենասիրական չէ, ապա բեմականացման հեռանկար չի ունենայ…։ Ինքն իր թատրոնի մասին ասում էր. «Ես ապսիւրտ թատրոնի ներկայացուցիչ չեմ։ Չեմ գիտեր ստոյգ ո՞ր ընտանիքին կը պատկանիմ»։ Եւ կանգ էր առնում Արման Վարդանեան ընտանիքին։ Սակայն իրենց ապսիւրտ կամ փարադոքս թատրոնի ներկայացուցիչ չէին համարում նաեւ ապսիւրտ թատրոնի հիմնադիրներ՝ Նոպելեան մրցանակակիր  իռլանտացի գրող Սամուէլ Պէքքետը (Samuel Beckett, 1906-1989), ռումինական ծագման ֆրանսիական թատերագիր Էժեն Իօնեսքոն (1909-1994), լեհացի Սլաւոմիր Մրոժեքը (1930-2013), պուլղարացի Խրիստօ Բոյչեւը (ծն.1950-ին)։ Իրականում նրանց պիէսները չեն ապսիւրտ, այլ՝ աշխարհն ինքն է անիմաստ, դաժան ու անհեթեթ, իսկ նրանք ընդամէնը ցուցադրում են այդ աշխարհը ոչ աւանդական ձեւով։ Նկարիչը սովորաբար նկարը գլխիվայր է դնում, որպէսզի ճիշդ տեսնի թերութիւնները։

2 անգամ էին բեմադրել Արման Վարդանեանի խաղերը. մի անգամ 1978-ին Լոնտոնում Յովհաննէս Փիլիկեանը բեմադրեց «Թոխորը», իսկ միւս անգամ 1998-ին Սունդուկեանի անուան թատրոնում Վահէ Շահուերդեանը բեմ հանեց «Ախացել»-ը, եւ Արման Վարդանեանը համարեց դա ոչ միայն յաջողութիւն, այլ՝ նոյնիսկ երջանկութիւն։ Բայց ինչ բաւարարում է յեղինակին, չի կարող գոհացնել հանդիսատեսին, որի պահանջը այսպէս կոչուած փարադոքս թատրոնի մնում է անբաւարար։

Անցած էջեր

Գուցէ եղել են բեմադրութիւններ, որոնց մասին չե՞մ իմացել։ Մտայ Արման Վարդանեանի կայք էջը եւ… ի՞նչ հաճելի անդրադարձ, կարծես, շարժանկար դիտեցի։ Գլխաւոր հերոսը ծնուել էր 1930-ին Պոլիսում։ Մինչեւ 19 տարեկան ապրում էր Շիշլի թաղամասում։ Հայրը լումայափոխ էր։ Տանը յաճախ էին հաւաքւում նշանաւոր մարդիկ, հնչում էր դաշնակի նուագը, վիճաբանում էին, սակայն ազգային խնդիրներ չէին շօշափւում.

«Ամենքն ալ հայ էին, բայց հայութեան մասին գաղափար չունէին։ Միայն թէ ամենքն ալ հայախօս էին առանց բացառութեամբ»։

Սովորեց Մխիթարեան, անգլիական եւ Կեդրոնական վարժարաններում, բայց յիշողութեան մէջ դպրոցական տարիները մնացին որպէս դժողք, որովհետեւ չէր կարողանում կեդրոնանալ եւ ի՛նչ սովորել է, ինքնորոյն է սովորել։ Ես կ՚ասէի, որ  բարձրագոյն կրթութիւնը նա ստացաւ ոչ թէ Վիեննայի երաժշտանոցի դաշնամուրային բաժնում, այլ՝ 10 տարուայ ազատազրկման ժամանակ։ Այո, Եւրոպայից յետոյ 1955-1965 թուականները նա անցկացրեց բանտում, զինծառայութեան ատեն մեղադրուելով պետական յանցանքի մէջ։ Բանտում նա միակ գրագէտն էր անգրագէտների մէջ, եւ հենց այստեղ Վարդանեանի գրական փորձերի հիմքը դրուեց… Երկու անգամ ամուսնացած է եղել։ Ունի մի զաւակ՝ Հայք-Սեւակ… Կեանքի լաւագոյն շրջանն ապրեց երրորդ կնոջ՝ Զարինէի շնորհիւ։ 

Թատերագիրն ու իր ռեժիսորը

Կա՞յ արդեօք Հայաստանում ռեժիսոր, որն ունակ է համապատասխան ձեւով տեսնել Արման Վարդանեանի խաղերը։ Այո՛, կայ, դա Արմէն Մեհրաբեանն է, որի «Արտաւազդ- Շիդար» ներկայացման մասին ես գրել էի։ Այժմ Սունդուկեանի անուան թատրոնում նրան առաջարկել են բեմադրել Խրիստօ Բոյչեւի «Նուագխումբ Թիթանիկ» պիէսը։ Ոչ աւանդական թատրոնին հարկաւոր են ոչ աւանդական մտածելակերպ ունեցող ռեժիսորներ։ Մեհրաբեանն այդպիսին է։ Օրինակ, երբ Սունդուկեան թատրոնում բեմադրում էին Չեխովի մի պիէս, նրան հարցրեցին, ինչպէս հայերէն պէտք է գրել պիէսի վերնագիրը՝ «Բալի այգի» թէ՞ «Բալենու այգի»։ Արմէնը պատասխանեց. «Երկուսն էլ սխալ է, ճիշդ է «Բալէ այգի», որովհետեւ խօսքը գոյնի մասին չէ, այլ՝ հոգեվիճակի»։ 

Իր 27 թատերախաղերը Վարդանեանը ամփոփել էր հատորների մէջ. «Լաւ մը», «Ցաւ մը», «Շունչ մը», «Փունջ մը»… Թատրոնների կողմից անուշադրութեան մատնուած լինելու մասին ասում էր. «Հաւանաբար ամէն բան պէտք է ունենայ իր ժամանակը»։ 

Կեանքի մասին Արման Վարդանեանն ասաց. «Բան մըն էր, որ եկաւ, անցաւ ու գնաց»։ Նրա թատրոնի մասին նման բան ասել չի լինի։