Ահա մեզ դիպավ «օսմանյան ապտակ»-ը

Ընտրությունների արդյունքների հրապարակման հետ մեկտեղ վերլուծությունների տեղատարափ սկսեց։ Սրանց մեջ ամենավառ արտահայտվածը «օսմանյան ապտակ» գնահատումն էր։

Նոյեմբերի 2-ին Էթյեն Մահչուփյանը, մեջբերելով «օսմանյան ապտակ»-ը, նշեց․ «Այս վերնագիրը  որոշ ժամանակ առաջ «Ակոս»-ում էինք օգտագործել՝ մեկնաբանելու 2010թ․ հանրաքվեն։ Այս արտահայտությունն օգտագործված էր արտահայտելու այն, որ հասարակության անպտուղ քաղաքական հակամարտությունը բռնագրավում է իր իսկ ապագան։ Այսօր կրկին նույն վիճակում ենք»։ Իրականում Մահչուփյանի այս «հրաշալի» արտահայտությունը համարում եմ «Ակոս»-ի պատմության սև գիծը։ Այս արտահայտությունը հենց իր՝ Մահչուփյանի կողմից էր ընտրվել՝ ներկայացվելով որպես համատեղ ընտրություն։ Նրա գրությունը ևս մեկ անգամ ապացուցեց սա։ Աննշան մի մանրուք է, սակայն Մահչուփյանը շփոթել է տարեթվերը՝ երևի ԱԶԿ-ի (Արդարություն և զարգացում կուսակցություն) ստացած քվեների քանակից ոգևորված։ Նշված վերնագիրը թերթի գլխավոր էջին հայտնվել էր 2007թ․ հուլիսի 22-ի ընտրություններից հետո՝ համեմված մի զավեշտալի ենթավերնագրով․ «Հանրաքվեի վերածված ընտրություններում Թուրքիան ժողովրդավարություն ասաց»։

«Օսմանյան ապտակ»-ի մանրամասները

Ասելու, գրելու ոչինչ չի մնում, երբ Թուրքիայում ժողովրդավարությունը  «օսմանյան ապտակ» ծածկանունով է ներկայացվում։ Սակայն անհրաժեշտ է գրել դրա մասին, որպեսզի դաս լինի։ Նշված տարվա ընթացքում թերթի գլխավոր էջին հայտնված վերնագրերի հերթականությունը հետևյալն էր․ Պետական խորհրդի հարձակում, Հրանտ Դինքի սպանություն, Մալաթիայի կոտորածը և հանցավոր խմբավորումներով Թուրքիայի վրա իջած մղձավանջը հույսի վերածվեց ժողովրդի ժողովրդավարական հստակ դիրքորոշման շնորհիվ։ Ապրիլի 27-ի հայտարարությանը և դրան հետևած հակաժողովդավարական փորձին սառնարյուն կերպով հետևող թուրքական հասարակությունը, ինչպես և ակնկալվում էր, ընտրություններն իսկապես օգտագործեց «ժողովրդավարության» համար։

Ժողովրդավարությունն այն է, որ Մահչուփյանի նշած կոտորածները (սկսած Հրանտ Դինքի սպանությունից) և հանցավոր խմբավորումները անցած 8 տարիների ընթացքում խնամքով թաքցվում են։ 2002թ․ ԱԶԿ-ն, որդեգրելով աջակողմյան դիրքորոշում, ստացավ ոչ միայն իսլամական զանգվածների, այլ նաև հասարակության լայն հատվածի, այդ թվում՝ լիբերալների օժանդակությունը։ Հենց նույն ԱԶԿ-ն Էրդողանի՝ հասարակության բևեռացման խաղի շնորհիվ դարձավ շատ նեղ, մակերեսային մի վարչակարգ, որը որպես քաղաքացի չի դիտում իր օգտին չքվեարկողներին՝ ազգաբնակչության 50 տոկոսին։

Այստեղ շատ ասելիք կա, բայց ավելի լավ է հիմնական թեմայից ՝«օսմանյան ապտակից» չհեռանանք, քանզի վերջին ժամանակների մասին շատ բան ասող այս համեմատության կրկնությունը չափազանց կարևոր է։ Տեսնենք՝ ըստ Մահչուփյանի այս անգամ ովքեր են ստացել ապտակը․ «Թուրքիայի հասարակության առնվազն մեկ երրորդը շրջահայաց և ռացիոնալ դրսևորում ունի, և այս մարդիկ են սահմանում իշխանությունը։ Մինչդեռ մյուս կուսակցությունները շարունակում են անհեռատես լինել։ Հեռաստեսությունը կարևորող ընտրազանգվածը ուղղվեց դեպի ԱԶԿ, աջակցեց նրան, երբ տեսավ, որ ճիշտ ճանապարհին է, և ամենևին զարմանալի չէ, որ «օսմանյան ապտակ» հասցրեց նրանց, ովքեր հասարակությունը գաղափարախոսական երազանքներից այն կողմ չեն տեսնում» 

Նորաթուխ պատգամավորն էլ լուռ չմնաց

Ցնցող է նաև այն, թե ովքեր են օգտագործում այս սարսռեցուցիչ արտահայտությունը։ Աղվեսը միշտ պոչին է վկա բերում։ Այստեղ պատկերն ամբողջական է դառնում։ Այս անգամ ԱԶԿ-ի կողմից 14-րդ թեկնածու առաջադրված և հրաշքով խորհրդարանի կազմում ընդգրկված Մարգար Եսայանը, ով «Յենի Շաֆաք»-ին է թղթակցում, նույնպես ընտրությունների հաջորդ օրը՝ նոյեմբերի 2-ին, «Սպուտնիկ»-ին տված հարցազրույցում կրկնում է Մահչուփյանի «օսմանյան ապտակ» արտահայտությունը։ Ինչպիսի՞ զուգադիպություն։ Նա պնդում է, որ ժողովուրդը իսկապես «օսմանյան ապտակ» հասցրեց ԱԺԿ-ի (Ազգերի ժողովրդավարական կուսակցություն) և ԱՇԿ-ի (Ազգայնական շարժում կուսակցություն) բացասական դիրքորոշմանը։ 

Եսայանի հրաշքների աշարհում կյանքը դրախտ է։ Նա նաև նշում է, որ Թուրքիայում մամուլն ավելի ազատ է, քան որևէ ուրիշ տեղ, որ Էրդողանի կառավարությանը և անձին հասցված վիրավորանքների համար ոչ մի թերթի կամ լրատվամիջոցի նկատմամբ պատժամիջոց չի կիրառվում, և նման բան անհնար է տեսնել Եվրոպական մի շարք երկրներում և Ռուսաստանում։

Բա չե՞ն ասում...

Իսկ ամենահետաքրքիրն այն պարադոքսն է, որում հայտնվում են «օսմանյան ապտակ» արտահայտությունն օգտագործող Մահչուփյանն ու Եսայանը, որոնք երկուսն էլ ազգությամբ հայ են։ Բա չե՞ն ասում, որ ամենածանր ապտակը հենց հայ ազգին է բաժին հասել 1915-ին։

Իհարկե մտածելու տեղիք է տալիս այն, թե ինչ ասել է «օսմանյան ապտակ» մի երկրում, որտեղ ամեն օր ատելության հիմքի վրա հանցագործություններ են իրականացվում, կանայք, միասեռականներ, տրանսվիստիտներ են սպանվում, քաղաքացիական պատերազմ է տիրում։ Չնայած՝ այո՛, սրանք մանրուքներ են․․․ 

Ի՞նչ ասեմ, ինձանից մնում է գրելը, իսկ կարկուտը ծեծած տեղն էլի կծեծի։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ



Yazar Hakkında

Karin Karakaşlı

Üvercinka