«Արմաշի հայերը մեր հարևաններն էին, չնայած որ այդպես էլ չծանոթացանք»

Օմեր Աքընի առաջին վեպը՝ «Թոսբիթ դաղը», պատմում է Արմաշի (այսօր Աքշեմե) հայերի մասին։ Վեպը, որն իր անունը ստացել է Արմաշի մոտակայքում գտնվող լեռներից մեկից, 1914-1915 թթ․ Արմաշի հայերի կյանքից մի հատված է ներկայացնում։

Օմեր Աքընը, ով նախկինում արհմիության նախագահ էր, հետազոտում է իր ծննդավայրի՝ Արմաշի հայերի պատմությունն ու մշակույթը։ Օ․ Աքընի հետ խոսեցինք «Թոսբիթ դաղը» վեպից մինչը Արմաշի և Արմաշի հայության մասին։

Նախ ծանոթանանք։ Ո՞վ է Օմեր Աքընը։

1951թ․ Արմաշում եմ ծնվել։ Գաղթականի թոռ եմ։ Թուրքիայի և Հունաստանի միջև գաղթականների փոխանակման պայմանագրով 1924թ․ մորս ընտանիքը Դրամայից, հորս ընտանիքը Իսքեչեից Թուրքիա են գաղթել։ Հարյուր տարի առաջ պապերս Իսքեչեում և Դրամայում էին ապրում։ Երևի անգամ չէին էլ կասկածում, որ ստիպված են լինելու լքել իրենց բնակավայրերը՝ այնպես, ինչպես այս հողերում ապրող Վարդաններն ու Անահիտները չէին պատկերացնում։ 

Ձեր հայրն այստե՞ղ է ծնվել։

Հայրս Իսքեչեից Աքմեշե տեղափոխված քարավանի առաջին երեխան է եղել։ Մենք արդեն մեզ Աքմեշեցի էինք համարում։

Ինչպե՞ս իմացաք, որ Աքմեշեն հայկական բնակավայր է եղել։

Մոտավորապես քսան տարեկան էի, երբ մեր տարեցների զրույցներից հասկացա, որ Աքմեշեն հայկական բնակավայր է եղել և անվանվել է Արմաշ։ Փոխանակման մասին խոսելիս նաև նշում էին, որ Աքմեշեն հայկական գյուղ է եղել։ Սկսեցի հետաքրքրվել, թե ժամանակին հայերն ինչ կյանք են վարել Արմաշում։ Գյուղի ալրաղացը և տպարանը պատմության վկաներն են, չնայած որ արդեն ավերակների են վերածվել։ Երկար տարիներ կանգուն մնացած «Ըշըք չեշմեսի»-ն (լույս աղբյուր) այսօր կիրառվում է որպես ջրամբար։

Ձեր ընտանիքի մեծերն ինչե՞ր էին պատմում Արմաշի հայերի մասին։

Տատիկս ասում էր․ «Իսքեչեում շատ գեղեցիկ տուն ունեինք։ Այդ գեղեցիկ տունը թողեցինք ու եկանք։ Հույս ունեինք, որ այստեղ էլ գեղեցիկ տներ են մեզ սպասում, բայց հայտնվեցինք վրանում»։ Երբ եկել են Աքմեշե, ոչ մի տուն չի եղել այնտեղ։ Պատկերացնու՞մ եք։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 1915թ․ գյուղն ունեցել է 1․505 բնակիչ, սակայն 1924թ․ Արմաշում այլևս ոչ մի տուն չի եղել։ Այնուամենայնիվ, չնայած նրան, որ տները կանգուն չեն եղել, բնակավայրի հետքերը բազմաթիվ են։ Օրինակ՝ ալրաղացը, տպարանը․․․ Տպարանը նույնիսկ երկրորդ հարկ է ունեցել, որտեղ մինչև վերջերս հարսանեկան, նշանդրեքի արարողություններ են իրականացվել։ Այս ամենի մասին իմ հետաքրքրությունն առաջացել է տակավին երիտասարդ տարիքում, երբ ինձ ասացին․ «Մեզանից առաջ այստեղ հայերն են ապրել։ Ինչու՞ այսպես եղավ»։

Այդպե՞ս սկսեց գիրքը գրելու պատմությունը։

Իզմիթի Այդիլի արվեստի ասոցիացիայի ստեղծագործական խմբակում «Ձյան և մոմի բույրը» վերնագրով պատմություն էի գրել, որտեղ նկարագրում էի Արմաշի մոտակայքում գտնվող Շերսավար Սուրբ Մարիամ եկեղեցին։ Խմբակիցներից մեկն ասաց, որ պապը հայ է, և որ շատ է տպավորվել պատմությունից։ Մտածեցինք, որ այս պատմությունը կարող է վեպի վերածվել։ Այսպիսով սկսեցի Արմաշի մասին վեպ գրել։ Ավելի խորացրեցի Արմաշի և Իզմիթի հայերի հետ կապված իմ հետազոտությունները։ Հետազոտությունների ընտացքում կարդացի Արմաշից և Իզմիթի շրջակայքից հայերի ստիպողական գաղթի մասին, և այս ամենն էլ ընդգրկեցի իմ վեպի մեջ։ Վեպը երևակայության արդյունք է, սակայն պատմական ճշմարտություն ունի իր մեջ։ Տեղահանության մասին գրելիս պատմության գրքերում տեղ գտած տեղեկություններից էի ոգեշնչվում։ Գրեցի, թե գնացողներն ինչեր են թողել իրենց ետևում, և թե ինչպես այստեղ տեղափոխվածներն արդեն ոչինչ չեն գտել։

Գրքի հետ կապված ինչպիսի՞ արձագանքներ եք ստանում։

Աքմեշեի որոշ բնակիչներ բարկացած էին, քանի որ վեպում ներառել էի տեղահանության տեսարանները։ Սակայն այս վեպը մեզանից առաջ այստեղ ապրած հայերին իմ պարտքն էր։ Արմաշի հայերը մեր հարևաններն էին, չնայած որ նույն ժամանակաշրջանում չենք ապրել և չենք ծանոթացել իրար հետ։ Նրանց լքած տարածքներում ավելի ուշ մենք ենք սկսել ապրել։ Ոչ մի ժողովուրդ, համայնք ուրախ չի լինի լքելու իր բնակավյրը։ Հարյուրավոր տարիներ այստեղ ապրող մարդիկ «եկեք այստեղից գնանք» չեն ասել և գնացել։։ Նրանք ստիպողաբար լքել են իրենց հարյուրավոր տարիների բնակավայրերը։

Դրական արձագանք ստացա՞ք։

Թուրքիայի ամեն ծայրից էլ ընկերներ ունեմ, քանի որ նախկինում արհմիություն էի նախագահում։ Գիրքս նրանց մի մասին եմ ուղարկել, և շատ դրական արձագանքներ եմ ստացել։ Ադանայից,Մերսինից և մի շարք այլ տեղերից ընկերներիցս դրական մեկնաբանություններ եմ ստացել։ Սա ինձ համար շատ հաճելի էր։

1915-ի հարյուրերորդ տարին է։ Ըստ Ձեզ՝ 1915-ի հետ առերեսման ո՞ր փուլում է գտնվում Թուրքիայի հասարակոթյունը։

Արմաշում կամ Թուրքիայի այլ բնակավայրերում հարյուր տարի առաջ բնակվող հայերը չեն գոլորշիացել։ Ես ցանկացել եմ այս վեպը անկեղծորեն գրել այդ մարդկանց համար։ Արմաշի հայերն իմ հարևաններն են։ Ես նրանց հետ խնդիր չունեմ։ Ինչ պատճառով էլ որ լինի, մի հասարակության հարյուրավոր տարիներ ի վեր բկակություն հաստատած վեյրերից բռնի ուժով տեղահանելն անընդունելի է։ Պարտավոր ենք առերեսվել պատմությանը, ոչ թե մեր գլուխը թաղենք ավազի մեջ՝ ռասիստական, խտրական զգացմունքներով առաջնորդվելով։

Արմաշում բնակվող հայերի տներն ամբողջովին ոչնչացրել են, սակայն ալրաղացն ու տպագրատունը դեռ կանգուն են։ Մեկ էլ ասում են, «Տեղահանության ժամանակ հայերն են ավերել այդ տները»։ Ինչպե՞ս է հնարավոր։ Ինչու՞ իմ պապերը չքանդեցին Դրամայում, Իսկեչեում գտնվող իրենց տները։ Այսօր արդեն գիտենք, որ այդ տները քանդվել են, որպեսզի գնացածներն այլևս երբեք չվերադառնան։ Փիրահմեթ կոչված տեղ կա։ Մայրս պատմում է, որ այնտեղ դաշտեր էին մշակում։ Մի անգամ անձրևից հետո հողից կոճակներ, ճախարակ, կարի պարագաներ են դուրս եկել։ Այսինքն, եթե անգամ տներն ավերեն, կյանքի վկայությունները ջրի երես են դուրս գալիս։ Կարող են եկեղեցիները, տները քանդել, սակայն կյանքի վկայությունները շարունակելու են դուրս գալ հողի տակից։

Շարունակելու՞ եք հայերի և Արմաշի մասին գրել։

Վեպի վերջում նկարագրել եմ արտաքսման ժամանակ Արմաշից մինչև Փոլաթլը գաղթողների գլխին եկածները։ Փոլաթլըից հետո ի՞նչ եղավ։ Արմաշ վերադարձածներին ի՞նչ եղավ, ի՞նչ տեսան։ Փորձելու եմ գտնել այս հարցերի պատասխանները։

Kategoriler

Թղթածրար



Yazar Hakkında

Ֆերդա Բալանջար