Դինքի սպանության գործով մեղադրական ակտը դատարան է ուղարկվել

Դինքի սպանության գործով պաշտոնատար անձանց առնչությամբ մեղադրական ակտն ուղարկվել է Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարան։ Մեղադրական եզրակացությունը երկու անգամ հետ էր ուղարկվել գլխավոր դատախազի կողմից։

Հրանտ Դինքի սպանության գործում պաշտոնատար անձանց առնչությամբ պատրաստված մեղադրական ակտն ուղարկվել է Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարան։ Դատախազ Գյոքալպ Քյոքչուի կողմից պատրաստված մեղադրականում պահանջվում է դատավարություն սկսել 26 կասկածյալի նկատմամբ, որոնց թվում են Էնգին Դինչը, Ահմեդ Իլհան Գյուլերը, Ջելալեթին Ջերրահը և Ռեշաթ Ալթայը։ 

Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանը 15 օր ժամանակ ունի մեղադրականն ընդունելու կամ մերժելու համար։

Դատախազ Քյոքչուի կազմած մեղադրականն ավելի վաղ երկու անգամ հետ էր վերադարձվել gլխավոր դատախազության կողմից։ Դատախազության պատճառաբանությունն այն էր, որ մեղադրականում Է․ Դինչի, Ա․ Իլհան Գյուլերի և Ռ․ Ալթայի մասին ապացույցներն անբավարար են։

Սակայն դատախազ Քյոքչուն դեկտեմբերի 4-ին մեղադրական ակտը նորից ուղարկել է գլխավոր դատախազություն։

Մեղադրական ակտում պահանջվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածով (անփութության պատճառով կանխամտածված սպանությանը մասնակից դառնալ) մեղավոր ճանաչել հետախուզության վարչության պետ Էնգին Դինչին, Դինքի սպանության ժամանակ Տրապիզոնի ոստիկանապետ Ռեշաթ Ալթային և Ստամբուլի հետախուզության վարչության պետ Ահմեդ Իլհան Գյուլերին։

Եթե մեղադրական եզրակացությունն ընդունվի, վերոնշյալ երեք պաշտոնյաները 20-25 տարվա ազատազրկման են դատապարտվելու։ Իսկ Դինքի սպանության ժամանակ Ստամբուլի ոստիկանապետ Ջելալեթին Ջերահը և Ստամբուլի հետախուզության վարչության պետ Սաբրի Ուզունը դատարանի առաջ են կանգնելու լիազորությունների չարաշահման համար։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ