Հայկական հիմնադրամների ընտրությունների հարցը խորհրդարանի օրակարգում է

«Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Սելինա Դողանը փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունները կարգավորող կանոնակարգի հարցը ներկայացրել է Թուրքական խորհրդարան։ Արդեն երեք տարի է՝ նոր կանոնակարգ չի մշակվում։

Փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունները կարգավորող կանոնակարգը չեղյալ է հայտարարվել, և արդեն երեք տարի է՝ նոր կանոնակարգ չի սահմանվել։ 

ԺՀԿ հայազգի պատգամավոր Սելինա Դողանը ընտրությունների կանոնակարգի հարցը ներկայացրել է խորհրդարան։ Հարցն ուղղված է հիմնադրամների հարցերով պատասխանատու փոխվարչապետ Յալչըն Աքդողանին։

Ընտրական կանոնակարգը անվավեր է ճանաչվել 2013թ․ հունվարի 19-ին։ Սա լուրջ խնդիրներ է առաջացնում, քանի որ նոր կանոնակարգի բացակայության պատճառով հիմնադրամները չեն կարողանում ընտրություններ իրականացնել։ Շեշտվել է, որ նոր կառավարության ծրագրում ասվում է․ «Շարունակելու ենք ձեռնարկել բոլոր իրավական և գործնական միջոցառումները, որպեսզի Թուրքիայի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կրոնական փոքրամասնությունները ոչ մի տեսակ խտրականության չենթարկվեն»։

ԺՀԿ պատգամավոր Դողանի հնչեցրած հարցերը հետևյալն են․

1․ Փոքրամասնությունների հիմնադրամներին ընտրություններ անցկացնելու հնարավորություն ընձեռող կանոնակարգն ինչու՞ է չեղյալ հայտարարվել։

2․ Ընտրությունների իրականացման համար նոր կանոնակարգն ինչու՞ դեռ մշակված չէ։

3․ Նոր կանոնակարգի մշակման համար աշխատանքներ իրականացվու՞մ են։

4․ Արդյո՞ք նշված կանոնակարգը նոր կառավարական ծրագրում տեղ գտած «իրավական և գործնական միջոցառում»-ների շարքում է, թե ոչ։

Ս․ Դողանն ավելի վաղ ընտրական կանոնակարգի մասին հարցերով դիմել էր հիմնադրամների հարցով պատասխանատու փոխվարչապետ Բյուլենթ Արընչին, ով նշել էր, որ նոր կանոնակարգի աշխատանքներն ընթացքի մեջ են։