Ուսուցիչներին տեղահանել են Ջիզրեից և Սիլոպիից ապա պարետային ժամ հայտարարել

Ազգային կրթության տնօրինությունները Ջիզրեում և Սիլոպիում աշխատող ուսուցիչներին կարճ հաղորդագրություններ են ուղարկել, որում նշվում է մասնագիտական վերպատրաստման մասին։ Դրանից հետո՝ երեկոյան ժամը 23․00-ի սահմաններում, Շըրնաքի նահանգապետարանը այդ բնակավայրերում փողոց դուրս գալու արգելք է հայտարարել (պարետային ժամ)։

Ըստ «Սի էն էն թուրք»-ի (CNN Türk) հաղորդման՝ Շըրնաքի նահանգապետը Ջիզրեում և Սիլոպիում փողոց դուրս գալու արգելք է հայտարարել։

Երեք հազար ուսուցիչ է հեռացել 

Ազգային կրթության տնօրինությունների կողմից ուղարկված կարճ հաղորդագրությունից հետո Ջիզրեում և Սիլոպիում աշխատող մոտավորապես երեք հազար ուսուցիչ լքել է Շըրնաքի շրջանը։

Ջիզրեում աշխատող ուսուցիչներին հետևյալ հաղորդագրությունն է ուղարկվել․ «Բոլոր ուսուցիչները և ադմինիստրատիվ աշխատողները 2015թ․ դեկտեմբերի 14-ից մասնակցելու են նախարարության կողմից կազմակերպված մասնագիտական վերապատրաստման սեմինարի։ Ուսուցիչները կարող են սեմինարներին մասնակցել իրենց բնակավայրերում»։ Սիլոպիում աշխատող ուսուցիչներն էլ այսպիսի հաղորդագրություն են ստացել․ «Կենտրոնական դպրոցների ուսուցիչները 2015թ․ դեկտեմբերի 14,15,16-ին վերապատրաստման են մասնակցելու։ Այդ պատճառով էլ այդ օրերին դպրոցների համար արձակուրդ է հայտարարվում։ «Իս-Քուր»-ի աշխատակիցները նշված օրը պետք է պատրաստ դպրոցներում լինեն։ Բոլոր նրանք, ովքեր դպրոցներում չեն լինի, կազատվեն աշխատանքից»։

104 դպրոցներում, որոնք ունեն 43 հազար 127 աշակերտ, շաբաթվա սկզբից արձակուրդներ են սկսում։ Հայտնի չէ, թե արձակուրդ ինչքան կտևի։ 

Մինչ այսօր Ջիզրեում չորս, իսկ Սիլոպիում մեկ անգամ փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել։

Այն ուսուցիչները, որոնց ընտանիքներն ուրիշ քաղաքներում են ապրում, կարճ հաղորդագրությունը ստանալուց հետո անմիջապես լքել են Սիլոպին և Ջիզրեն։

«Կրթության և գիտության աշխատողների արհմիության» արձագանքը

«Կրթության և գիտության աշխատողների արհմիության» (Eğitim-Sen) Սիլոպիի շրջանային նախագահ Մեթին Ալանը նշել է, որ մեկ օրվա ընթացքում մոտավորապես 1000 ուսուցիչ է լքել նահանգը։ Ըստ պաշտոնական ընթացակարգի՝ մասնագիտական վերապատրաստման ծրագիրը սովորաբար նախապես է կազմվում և ճանապարհածախսերը նախապես են տրամադրվում։ Մասնագիտական վերապատրաստման մասին էլ պաշտոնական կայքի միջոցով են հայտարարում։ Սակայն, ինչպես նշում է Ալանը, այս անգամ այս գործընթացը չի իրականացվել։

Ալանը կարծում է, որ Ազգային կրթության տնօրինության այս որոշումը «օժանդակություն է պատերազմական քաղաքականության»-ը։ 

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ