Արդյո՞ք ժանդարմերիայի 3 ներկայացուցիչ է եղել սպանության վայրում

Հրանտ Դինքի սպանության դեպքի վայրում գտնվող տեսախցիկների տեսագրությունները նորից օրակարգում են, քանի որ հավանականություն կա, որ տեսագրություններում հայտնված մարդկանցից մի քանիսը ժանդարմերիայի ներկայացուցիչներ են։

Հրանտ Դինքի սպանության դեպքի ժամանակ փողոցի տեսախցիկների տեսագրությունները նորից հայտնվել են օրակարգում։

«Ալ-Ջազիրա Թուրք»-ի տարածած տեղեկության համաձայն՝ դատախազությունը հեռախոսային զրույցներից պարզել է, որ Հրանտ Դինքի սպանության վայրում ժանդարմերիայի 6 ներկայացուցիչ է եղել, և կասկածներ կան, որ վերոնշյալ տեսագրության մեջ ժանդարմերիայի 3 ներկայացուցիչ կա։

Դատախազությունը կասկածներ ունի, որ «Ալ-Ջազիրա»-ի հրապարակած տեսագրություններում երևացող եռյակը կարող է Օգյուն Սամասթի «օգնական-հսկիչը և հետևողը» լինել։

Հետաքննության ընթացքում դատախազությունը Հեռահաղորդակցության և կապի նախարարությունից պահանջել էր տրամադրել Դինքի սպանության օրը սպանության վայրում գտնվող բջջային հեռախոսների ձայնագրությունները։ Բացահայտվել էր, որ ժանդարմերիայի անդամներին պատկանող 6 հեռախոսահամար սպանության վայրում է եղել։

Օգյուն Սամասթը իր վկայություններում նշել էր, որ դեպքի օրը իրեն հետևել են։ 

Տեսագրություններում հայտնված երեք հոգու նկատմամբ կասկածներն ավելացել են

Այս տեղեկությունների լույսի ներքո դատախազությունը նորից սկսել է ուսումնասիրել տեսագրությունները։ 

Կասկածները հատկապես դեպքի վայրում գտնվող և Օգյուն Սամասթին հետևող երեք հոգու շուրջ են։ Դատախազությունը կասկածներ ունի, որ շրջակայքը զննող, հաճախ հեռախոսազրույցներ իրականացնող և Օգյուն Սամասթին հետևող երեք հոգին ժանդարմերիայի հետախուզության աշխատակիցներ են։

Հսկել են նաև Դինքի տունը

Հատաքննությունն ուսումնասիրել է նաև Հրանտ Դինքի՝ Բաքըրգյուղում գտնվող բնակարանի շրջակայքից կատարված զանգերի ձայնագրությունները։ Այդ ձայնագրությունները շատ կարևոր տեղեկություն են պարունակում։ Հայտնաբերվել է, որ Դինքի տան մոտակայքում գտնվել են ժանդարմերիային պատկանող մի քանի բջջային հեռախոսներ։ Սրանով ակնհայտ է դառնում, որ ժանդարմերիայի ներկայացուցիչները Դինքի սպանությունից առաջ նրա տան մոտ հսկողություն են իրականացրել։