Իզմիրում 94 տարի անց ծովից խաչ դուրս բերվեց

Հիսուս Քրիստոսի մկրտությունը խորհրդանշող «Ta Fota»-ն՝ լույսեր (Թա Ֆոթա), 1922 թվականից հետո առաջին անգամ նշվել է Իզմիրում։ Տիեզերական պատրիարքության և Օրթագյուղի սուրբ եկեղեցում իրականացված արարողություններից հետո Ստամբուլում իրականացվել է ավանդական դարձած «խաչի դուրս բերման» արարողությունը։

«Թա ֆոթա»-ն 1922 թվականից այս կողմ առաջին անգամ է նշվել Իզմիրում։ 94 տարի անց առաջին անգամ ծովից խաչ դուրս բերելու արարողություն է իրականացվել։

Սուրբ Ֆոթինի եկեղեցու պատարագից հետո ուղղափառ համայնքը աղոթքներով շարժվել է դեպի Քորդոնբոյու և բարձրացել Հունաստանի նախկին դեսպանատան մոտ ծովեզերքին պատրաստված հարթակի վրա։

Իզմիրում Հունաստանի գլխավոր հյուպատոս Թեոդորոս Ծակիրիսը նույնպես մասնակցել է արարողությանը, որը ղեկավարել է Սուրբ Ֆոթինի եկեղեցու քահանան։ Աղոթքներից հետո սպիտակ աղավնի է երկինք բաց թողնվել և խաչը նետվել է ծով։ Ուղղափառ երիտասարդները, ջուրը ցատկելով, խաչը բերել և հանձնել են Քիլիոս քահանային։

Իզմիրի հույն ուղղափառ համայնքի ղեկավար Թեոդորոս Հաջուդին, նշելով, որ հունվարի 6-ը ուղղափառների համար շատ կարևոր օր է, շեշտել է, որ արարողությունը հատուկ կարևորություն ունի Իզմիրի համար։ Նա նշել է, որ այս տարի ներքին գործերի նախարարությանը ներկայացրած իրենց դիմումն ընդունվել է, և օժանդակություն են ստացել իշխանություններից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններից։ Նա նաև ասել է, որ չնայած որ համայնքը շատ փոքր է, մեծ մասնակցություն է գրանցվել, և որ այդ իրադարձությունն ուրախալի է բոլորի համար։ Հաջուդին ավելացրել է, որ ցանկություն ունեն արարողությունը շարունակելու նաև գալիք տարիներին։

Մետրոպոլիտ քահանա․ «Թող մեր ծովերը ձկնառատ լինեն»։

Ստամբուլում խաչի դուրս բերման արարողություն է իրականացվել նաև Չենգելգյուղի հունական ուղղափառ Սուրբ Յորգի եկեղեցում։ Արարողությունից հետո թուրքերեն հնչեցրած մաղթանքներում քահանան ասաց․ «Թող մեր ծովերը ձկնառատ լինեն»։