Դինքի գործին հետևող դատախազը հեռացվել է հետաքննությունից

Դինքի սպանության գործում պաշտոնատար անձանց դեմ մեղադրական ակտ կազմած Գյոքալփ Քյոքչյուն, ով դեռ շարունակում է ղեկավարել Դինքի սպանության մեջ հանցավոր կազմակերպության դատական գործը, ստիպված է Դինքի գործով հետաքննությունը ուրիշ դատախազի հանձնել։

«Ալ-Ջազիրա թուրք»-ի տարածած տեղեկության համաձայն՝ Ստամաբուլի գլխավոր դատախազ Հադի Սալիհօղլուն տվել է 2016թ․ աշխատանքի բաժանման և գործառնական հրահանգները։ Սալիհօղլուն արդարադատության համակարգում պաշտոն իրականացնողների շրջանում նշանակալի փոփոխություններ է իրականացրել։

Ըստ տեղեկության՝ աշխատանքի բաժանման հրահանգում նախատեսվում է նաև պաշտոնի փոփոխություններ իրականացնել Դինքի սպանության գործում պատկան մարմինների դեմ մեղադրական ակտ ներկայացրած դատախազ Գյոքալփ Քյոքչյուի աշխատանքում։

Դինքի սպանության տարածքում գտնված ժանդարմերիայի հետախույզների հետաքննությունն իրականացնող դատախազ Քյոքչյուն այսուհետ իր պարտանակություններն իրականացնելու է Ընդհանուր հետաքննության նախապատրաստական բյուրոյում։ Քյոքչյուն այլևս չի կարողանալու հետևել ահաբեկչությանն առնչվող հետաքննություններին։ Դինքի դատավարությունը, որին հետևում էր Քյոքչյուի, փոխանցվելու է մեկ այլ դատախազի։

Ահաբեկչության մասով պատասխանատու գլխավոր դատախազի տեղակալ Օրհան Քափըջըին փոխարինելու է մաքսանենգության գրասենյակի պատասխանատու Իրֆան Ֆիդանը։

Մեղադրականն առաջին անգամն էր հետ վերադարձվել։

Դատախազ Քյոքչյուն 2014թ․ դեկտեմբեր ամսին էր Դինքի սպանության գործին հետևելու պարտականությունը ստանձնել։ 26 պաշտոնատար անձանց նկատմամբ մեղադրական ակտ էր կազմել, որը գլխավոր դատախազության կողմից երկու անգամ հետ է վերադարձվել։