Դինքի սպանության գործով նիստը ապրիլի 19-ին է

Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանը որոշում է կայացրել, ըստ որի Հրանտ Դինքի սպանության հարցով կցված գործերի առաջին նիստը տեղի է ունենալու ապրիլի 19-ին։

Վճռաբեկ դատարանի 5-րդ քրեական պալատը որոշում էր կայացրել Հրանտ Դինքի սպանության հիմնական գործին կցել նաև հանրային պաշտոնյաների գործը։ Այս միացյալ գործը քննվելու է Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանում։ Այնուհետև՝ Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանը քննություն է իրականացրել երկու գործերի շուրջ և նախնական զեկույց է կազմել։

Այդ զեկույցի համաձայն՝ որոշում է կայացվել կցված գործերի առաջին նիստն իրականացնել ապրիլի 19, 20, և 21-ին։ Նիստը տեղի է ունենալու Չաղլայանում գտնվող Ստամբուլի արդարադատության պալատի մեծ դահլիճում։

Միաձայն որոշմամբ ձերբակալվածներ Ալի Ֆուաթ Յըլմազերի, Ռամազան Աքյուրեքի, Էրջան Դեմիրի, Մուհիթթին Զենիթի և Օզքան Մումջուի նկատմամբ շարունակելու է կալանք կիրառվել։

Որոշվել է նաև, որ Ստամբուլի նահանգային ոստիկանությանը գրություն է ներկայացվելու՝ ճշտելու 2004թ․ «Ակոս» թերթի և Դինքի տան անվտանգության ապահովման համար ինչ միջոցառումներ են իրականացվել, ինչպես նաև հստակեցվելու է 1997թ․ Ստամբուլի անձնագրային բաժնում Հրանտ Դինքի հետ կապված որևէ գրության առկայությունը, իսկ առկայության դեպքում, պահանջվելու է եղած գրությունը։