Դադարեցվել է İMC TV-ի հեռարձակումը

Անկարայի հանրապետական դատախազությունը գրություն է ուղարկել «Թյուրքսաթ» (Türksat)՝ պահանջելով դադարեցնել Ի-մէ-ջթ հեռուստաընկերության (İMC TV) հեռարձակումը։ Որպես պատճառ ներկայացվում է «ահաբեկչական կազմակերպության պրոպագանդան»։ Հեռուստաընկերության նորությունների համակարգող Ֆարուք Էրենն ասաց․ «Ահա թե ինչեր են տեղի ունենում մինչ մենք ուրախանում ենք Դյունդարի և Գյուլի ազատ արձակման լուրով։ Թուրքիայում մամլո և խոսքի ազատությունը թշվառ վիճակում է»։

Անկարայի հանրապետական դատախազության՝ Սահմանադրական կարգի խախտմանն ուղղված հանցանքների քննության բյուրոն պահանջել է, որ İMC TV-ն դուրս բերվի «Թյուրքսաթ»-ի արբանյակից՝ «PKK/KCK (Քրդական աշխատավորական կուսակցություն/Քրդստանի համայնքների միություն) պրոպագանդայի» պատճառաբանությամբ։ 

Դատախազ Ռամազան Դինչի ստորագրությունը պարունակող գրություն է ուղարկվել «Թյուրքսաթ»-ի տնօրինություն։ Գրության մեջ նշվում է, որ բողոք են ստացել դատախազության ոստիկանական թեժ գծի միջոցով, որի հիման վրա հետաքննություն է սկսել։

Հետաքննության շրջանակներում Ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդից (ՌՀԳԽ) պահանջել են տրամադրել 2015թ․ մայիսի 3-ից սեպտեմբերի 4-ն ընկած հատվածում İMC TV-ի հաղորդումների տեսագրությունը։ Դատախազ Դինչը շեշտում է, որ տեսագրության հետ կապված փորձագետի նախնական զեկույց է կազմվել։ Դատախազը գրության հետ «Թյուրքսաթ» է ուղարկել նաև փորձագետի նախնական զեկույցը և հեռուստաընկերության՝ հուլիսի 6, 13, 14-ի, օսոստոսի 6-ի հաղորդումների տեսգրությունները։ 

Գրության մեջ հեռուստաալիքի մասին նշվում է՝ «հայտնի է դարձել, որ ահաբեկչական կազմակերպության պրոպագանդա է իրականացնում»։

«Թյուրքսաթը» դատախազության գրությունը ստանալուց անմիջապես հետո դադարեցրել է İMC TV-ի հեռարձակումը։

«Ակօս»-ի հետ զրույցում İMC TV-ի հեռարձակման համակարգող Ֆարուք Էրենը նշեց․ «Ակնկալում ենք պահպանել մեր բնականոն հեռարձակումը։ Ցավոք, նման օրինակների նախկինում էլ ենք հանդիպել։ Դատախազությունն իրեն է վերագրում ՌՀԳԽ-ի իրավասությունները։ Բացի այդ, այս ամենից իմացանք, որ նման հետաքննություն է իրականացվում։ Բոլորս գիտենք, թե այս երկրում ինչ է նշանակում մեկի նկատմամբ ահաբեկչության հետաքննություն իրականացնելը։

Ահա թե ինչեր են տեղի ունենում մինչ մենք ուրախանում ենք Դյունդարի և Գյուլի ազատ արձակման լուրով։ Թուրքիայում մամլո և խոսքի ազատությունը թշվառ վիճակում է»։

««Թյուրքսաթ»-ը առևտրային կազմակերպություն է, և այդ կազմակերության հետ պայմանագիր ունենք։ Մենք իրականացնում ենք պայմանագրի բոլոր կետերը։ «Թյուրքսաթ»-ից դուրս բերվելը նշանակում է, որ Թուրքիայում չես կարողանալու հեռարձակում իրականացնել։ Սա նույնն է, ինչ թերթին կամ գրատանն արգելես թերթ կամ գիրք տարածել, արգելես դրանք վաճառել։ Մեր իրավաբանների հետ քննարկում ենք այն քայլերը, որ կարելի է իրականացնել»։

Դատախազության՝ İMC TV-ի մասին ուղարկած գրությունը



Yazar Hakkında

Ույգար Գյուլթեքին