Կիրակնօրյա պատարագի համար ընդմիջում թուրքական մեջլիսում

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) երեկվա նիստի ընթացքում կիրակնօրյա պատարագի համար 40 րոպեանոց ընդմիջում է եղել։ Մինչ այդ հայազգի պատգամավոր Կարո Պայլանը նման դիմում էր ներկայացրել ԹԱՄԺ։

Ազգերի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ-HDP) հայազգի պատգամավոր Կարո Պայլանի դիմումին ընդառաջ՝ ԹԱՄԺ-ի երեկվա նիստում առաջին անգամ կիրակնօրյա պատարագի համար 40 րոպե ընդմիջում է տրվել։ 

Թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet, թարգմանաբար՝ հանրապետություն) թերթի փոխանցմամբ՝ ԹԱՄԺ-ի ուրբաթօրյա նիստի ընթացքում նիստը ղեկավարող Փերվին Բունդանը մահմեդական ուրբաթօրյա աղոթքի համար մեկ ժամով ընդմիջում էր հայտարարել։ Ընդիջումից հետո ելույթ ունեցող ԱԺԿ պատգամավոր Կարո Պայլանը նշեց․ «Քիչ առաջ նամազի (մահմեդական աղոթք) համար փաստացիորեն ընդմիջում նշանակեցիք։

Ընդունելի լինի։ Խորհրդարանի գրեթե բոլոր խմբերում արդեն քրիստոնյա գործընկերներ ունենք, կիրակի օրը խորհրդարանական նիստը ժամը 11։00-ին է սկսելու։ Մեր կիրակնօրյա պատարագը ժամը 11։00-ից 12։30-ի ընթացքում է լինում, ուստի պահանջում եմ, որ այս կիրակի պատարագի համար նիստի ընդմիջում լինի։ Մենք Անկարայում էլ եկեղեցիներ ունենք»։ Այսպիսով՝ Կարո Պայլանը կիրակնօրյա պատարագի համար ընդմիջում էր պահանջել։

Պայլանի պահանջը հաստատվել է խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանի կողմից։ Ընդմիջման ընթացքում Կարո Պայլանը մասնակցել է Անկարայի եկեղեցիներից մեկում իրականացվող պատրագին։