Բելգիայում ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհերի թիվը մեծանում է

Բելգիայում՝ Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում պայթյուններ են որոտացել։ Զոհերի թիվը գնալով ավելանում է։ Բելգիայի վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ։

The Guardian պարբերականը, վկայակոչելով բելգիական հասարակական տրանսպորտի «La Stib» ընկերությանը, տեղեկացնում է, որ մետրոյի պայթյունի հետևանքով 15 մարդ է զոհվել։

Երեք պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի։ Սակայն այս թիվը գնալով ավելանում է։ Տեղեկությունների համաձայն՝ կա 136 վիրավոր։

Բրյուսելի «Զավենթեմ» օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել։ Բոլոր թռիչքները հետաձգվել են։ Օդանավակայանն ամբողջությամբ տարհանվել է, դեպի օդանավակայան մետրոն դադարեցվել է։ Օդանավակայանի պայթյունի հետևանքով առաջացած խուճապը հայտնվել է տեսագրություններում։

Երրորդ պայթյուն մետրոյի կայարանում

Օդանավակայանից մոտ 1 ժամ անց «Մաալբեք» մետրոյի կայարանում երրորդ պայթյունն է որոտացել։ The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ մետրոյի պայթյունը 15 մարդկու կյանք է խլել

Պայթյունի պատճառների առնչությամբ պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել, սակայն ենթադրվում է, որ պայթյունը իրականացվել է մահապարտի կողմից։ Պայթյուններից հետո Բրյուսելի երթևեկությունը դադարեցվել է, քաղաքացիներին կոչ է արվել մնալ իրենց տեղերում։ Երկրում 4-րդ կարգի արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ 

Բելգիայի վարչապետ․ «Եղավ այն, ինչից վախենում էինք»

Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը պայթյուններից հետո հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով․ «Եղավ այն, ինչից վախենում էինք»։

Բելգիայի վարչապետը նշել է, որ դեռ վաղ է զոհերի և վիրավորների պաշտոնական թվի մասին խոսել։

Գերմանական լրատվական գործակալության (DPA) փոխանցմամբ՝ պայթյուններից հետո քաղաքում կայանալիք Եվրոպայի Խորհրդի նիստը հետաձգվել է։ Անվտանգության մակարդակը բարձրացվել է նաև Լոնդոնի օդանավակայանում։

Պայթյունները տեղի են ունեցել Փարիզի սպանդի կասկածյալ Սալահ Աբդեսլամի ձերբակալությունից 4 օր անց։ Լրատվամիջոցներն անդրադարձ էին կատարել նրան, որ Աբդեսլամը հարցաքննության ժամանակ տեղեկացրել էր Բրյուսելում գործողությունների նախապատրաստություններ իրականացնելու մասին։

Բրյուսելից 11կմ հեռավորության վրա գտնվող «Զավենթեմ» օդանավակայանն ամեն տարի մոտավորապես 23 մլն ուղևոր է «հյուրընկալում»։