«Թալիբան»-ին պատկանող խմբավորումը՝ Պակիստանի պայթյունի հետևում

Պակիստանի Լահոր քաղաքում Սուրբ Զատիկի արարողություններին մասնակցող քրիստոնյաներին ուղղված հարձակման հետևանքով 70 մարդ զոհվել է, 300-ը՝ վիրավորվել։ Հարձակման պատասխանատվությունը «Թալիբան»-ի մաս կազմող մի խմբավորում է ստանձնել։

Պակիստանի արևելքում գտնվող Լահոր քաղաքում մահապարտի իրականացրած պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Ջեմաաթ ուլ Ահրար» խմբավորումը, որը «Թալիբան»-ի մաս է կազմում։ 

70-ից ավել զոհ կա, պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորվածների մեծամասնությունը կանայք և երեխաներ են։

Պայթյունի ատասխանատվությունը ստանձնած խմբավորման խոսնակ Էհսանուլլահ Էհսանը Պակիստանի «Express Tribune» թերթին արած հայտարարության մեջ նշել է․ «Ստանձնում ենք Զատիկը տոնող քրիստոնյաների դեմ ուղղված պայթյունի պատասխանատվությունը»։

«Սա վարչապետ Նավազ Շերիֆին ուղղված հաղորդագրություն է, որ Լահոր ենք մտել։ Կարող է անել ինչ ուզում է, բայց մեզ չի կարող կանգնեցնել։ Մեր մահապարտները շարունակելու են հարձակումներ կատարել»։

Պակիստանի նախագահը դատապարտել է հարձակումը, պաշտոնապես եռօրյա սուգ է հայտարարվել։

Կասկածներ կան, որ զոհերի թիվն ավելանալու է

Նշվում է, որ պայթյունից վիրավորվածների թիվը մոտ 300 է, իսկ Փենջաբ նահանգապետարանի առողջապահական խորհրդատուն՝ Սալման Ռեֆիկը, նշել է, որ կասկածներ կան, որ զոհերի թիվը ավելանալու է։

Վիրավորների մի մասը հիվանդանոց է տեղափոխվել տաքսիներով և մոտոցիկլետներով, քանի որ շտապօգնության մեքենաների թիվը բավարար չի եղել։ Հարյուրավոր մարդիկ գնացել են հիվանդանոց՝ արյուն տալու։

Պակիստանի ոստիկանության պետ Հայդար Էշրաֆը նշել է, որ չնայած Պակիստանը նման է «պատերազմական գոտու», այգու պայթյունի մասին ոչ մի նախազգուշացում չի եղել։

Ականատեսներից մեկը պատմել է, որ պայթյունից հետո քաոս և խուճապ է տիրել։ Ընտանիքները արագ փախուստի են դիմել, որի հետևանքով որոշ երեխաներ մնացել են ծնողներից հեռու։