Զինված հարձակում Ջան Դյունդարի դեմ

Ջան Դյունդարի և Էրդեմ Գյուլի գործով դատական նիստի ընդմիջման ընթացքում Ջան Դյունդարի դեմ զինված հարձակում է տեղի ունեցել: Դյունդարը չի վնասվել, սակայն NTV-ի լրագրող Յաղըզ Շենքալը ոտքից հրազենային վնասվածք է ստացել:

Թուրքական ‹‹Cumhuriyet›› թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի և Անկարայում թերթի ներկայացուցիչ Էրդեմ Գյուլի դեմ քրեական գործ է հարուցվել Թուրքական MİT-ի՝ ազգային հետախուզական ծառայության բեռնատարների մասին  նյութ գրելու և հրատարակելու համար: Ստամբուլի Չաղլայան դատարանում ընթացող դատական նիստի ընթացքում ընդմիջում է հայտարարվել: Ընդմիջման ընթացքում դատարանի շենքի դիմաց զինված անձը հարձակում է կատարել Ջան Դյունդարի վրա: Հարձական հետևանքով Դյունդարը չի վիրավորվել, սակայն NTV-ի լրագրողը ոտքին հրազենային վնասվածք է ստացել: Ջան Դյունդարի կինը՝ Դիլեք Դյունդարը, և Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) պատգամավոր Մուհարրեմ Էրքեքը բռնել են հարձակում իրականացնող անձին: Ապա դեպքի վայրում գտնվող քաղաքացիական հագուստով ոստիկաններն են դեպքին միջամտել: Հարձակում իրականացնեղ անձը Չաղլայանի ոստիկանական կենտրոն է տեղափոխվել: ‹‹Չգիտեմ՝ ով է: Միայն տեսա, որ զենքն ուղղել է ինձ վրա: Մենք գիտենք, թե ում թիրախում ենք: Հուսամ սրանից դաս կքաղեն››,- դեպքից հետո ասել է Ջան Դյունդարը: