Պետական պաշտոնյաները կանգնելու են դատարանի առջև

Այսօր Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների գործով դատարանում Դիքի սպանության գործով դատավարությունն է ընթանում։ Ստամբուլի Ոստիկանության նախկին պետ, այժմ նահանգապետ Ջելելեթին Ջերահը և Ստամբուլի հետախուզության բաժնի նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերը պահանջել են դադարեցնել վարույթը, քանի որ հետաքննության արտոնություն չկա։ Դատարանը մերժել է նրանց պահանջը։

Դինքի ընտանիքի փաստաբաններ Բահրի Բելենը, Հաքան Բաքըրջըօղլուն, Սեբու Ասլանգիլը, Թանգյուլ Օզերը, Մելիքե Փոլաթը, Զեյնեփ Փարմաքսըզօղլուն ներկա են Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների գործով դատարանում ընթացող դատական նիստին։ 

Ձերբակալված մեղադրյալներ Յասին Հայալը, Ալի Ֆուաթ Յըլմազերը, Ռամազան Աքյուրեքը, Էրջան Դեմիրը, այլ մեղադրանքներով կալանքի տակ գտնվող Թամեր Բյուլենթ Դեմիրելը, Օսման Գյուլբելը, Ալի Փոյրազը, Համդի Էգեբաթանը տեսակապի միջոցով միացել են դատական նիստին։ Օգյուն Սամասթը նույնպես դատական նիստին տեսակապի միջոցով է միացել։

Կասկածյալներ Ջելելեթին Ջերահը, Ահմեդ Իլհան Գյուլերը, Ռեշաթ Ալթայը, Ֆարուք Սարըն, Հասան Դուրմուշօղլուն, Սաբրի Ուզունը, Օնուր Քարաքայան, Մեհմեդ Այհանը, Էրհան Թունջելը և Մեհմեդ Ալի Օզքըլըչը ներկա էին դատական նիստին։ 

Նախորդ նիստի ընթացքում ազատ արձակված Մուհիթին Զենիթը և Օզքան Մումջուն ևս ներկա էին դատական նիստին։

«Ժողովուրդների ժողովրդավարական» կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը դատական նիստը հետևողների շարքերում էր։ 

Ոստիկանության հետախուզության բաժնի պետ Էնգին Դինչը ներկա չէր դատական նիստին։ Էնգին Դինչը նախորդ նիստին նույնպես չի ներկայացել։ 

Ստամբուլի Ոստիկանության նախկին պետ, այժմ նահանգապետ Ջելալեթին Ջերահի փաստաբանները դատական նիստի ժամանակ պահանջել են Ջերահի դեմ վարույթը կարճել՝ նշելով, որ նրա դեմ մեղադրական ակտը կազմվել է առանց դատաքննության արտոնություն ստանալու։ Նրանք նշել են, որ միայն Գերագույն դատարանը կարող է վարույթ սկսել Ջերահի դեմ, քանի որ նա նահանգապետի պաշտոնն է զբաղեցնում։ 

Ստամբուլի հետախուզության բաժնի նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերը և մեղադրյալ Մեհմեդ Ուչարը դիմում են ներկայացրել դատարան՝ պահանջելով կարճել վարույթը, քանի որ դատաքննության արտոնություն չկա։ 

Դինքի փաստաբանները՝ առարկության դեմ

Դինքի ընտանիքի փաստանաբբեր Բահրի Բելենը և Հաքան Բաքըրջըօղլուն Ջերահի փաստաբանների առարկությունների դեմ են հանդես եկել։ Բահրի Բելենը հիշեցրել է, որ Դինքի սպանությունից հետո ստեղծված քաղաքական մթնոլորտը խոչընդոտել է պետական պաշտենյաների նկատմամբ հետաքննության իրականացմանը։ Բելենը նշել է, որ Ջերահի նկատմամբ հետաքննություն իրականացնելու դեմ ոչ մի խոչընդոտ չկա։ Հաքան Բաքընջըօղլուն, հիշեցնելով Բաքըրգյուղի 8-րդ ծանր հանցագործությունների գործով դատարանի և Սահմանադրական դատարանների որոշումները, նշել է, որ մեղադրական ակտը կազմվել է հավուր պատշաճի։ 

Դատախազը մերժել է Ջերահի և Գյուլեր Ուչարի առարկությունները։ Դատարանը որոշել է, որ Ուչարի և Ջերահի նկատմամբ դատավարություն սկսելու դեմ ոչ մի արգելք չկա։ Դատարանը մեջբերել է պետական պաշտոնյաների նկատմամբ հետաքննության մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Բաքըրգյուղի 8-րդ ծանր հանցագործությունների դատարանի որոշումները։ 

Հայտարարված ընդմիջումից հետո դատական նիստը շարունակվում է։




Yazar Hakkında

Ույգար Գյուլթեքին