Ազատազրկում ազգայնականների Կարսի ղեկավարին

Ազատազրկում է սահմանվել Թուրքիայի ազգայնական «Իդեալիստական օջախներ» կազմակերպության Կարսի ղեկավար Թոլգա Ադըգյուզելի նկատմամբ, ով կոչ էր արել դուրս գալ «հայերի որսի»։ Կարո Փայլանը դատական հայց էր ներկայացրել հայերի որսի դուրս գալու կոչով հանդես եկած Ադըգյուզելի դեմ։ Դատական գործն ավարտվել է՝ Ադըգյուզելի նկատմամբ 7 ամիս, 15 օր կալանք, 11 հազար 240 թուրքական լիրայի չափ տուգանք սահմանելով։

Անցաց տարի Կարսում՝ Անիում համերգով էր հանդես եկել աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը։ Թոլգա Ադըգյուզելը ռասիստական հայտարարություններ էր արել՝ ուղղված Տիգրան Համասյանին։ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության (HDP) հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Ադըգյուզելի դեմ դատական հայց էր ներկայացրել։ 

Կարսի 3-րդ ծանր հանցագործությունների գործով դատարանում ընթացող դատը մայիսի 24-ին ավարտվել է։ Դատարանը Ադըգյուզելին մեղավոր է ճանաչել «սոցիալական դասի, ռասայի, կրոնի, աղանդի, սեռական պատկանելիության համար բնակչության որևէ խմբի հրապարակավ ստորացնելու» մեջ և 6 ամսվա ազատազրկում է սահմանել։ Պատժի չափը 7 ամիս 15 օր է դարձվել, նաև 11․240 թուրքական լիրայի չափ տուգանք է սահմանվել, քանի որ հանցանքը մամուլի միջոցով է իրականացվել։

Ադըգյուզելի հայատյացությունը շարունակվել է

2015թ․ հունիսի 21-ին դաշնակահար Տիգրան Համասյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը համերգ էին ունեցել Անի պատմական քաղաքում։ Համերգի առնչությամբ ազգայնական «Իդեալիստական օջախներ» կազմակերպության Կարսի ղեկավար Թոլգա Ադըգյուզելը ռասիստական հայտարարությամբ էր հանդես եկել՝ ասելով «Կարո՞ղ է մենք էլ Կարսի փողոցներում հայերի որսի դուրս գանք»։

Այս հայտարարության առնչությամբ Կարո Փայլանի հարուցած դատական գործը մեղավոր է ճանաչել Թոլգա Ադըգյուզելին և կալանք սահմանել նրա նկատմամբ։ Սակայն Թոլգա Ադըգյուզելը շարունակել է հայերին ուղղված ատելության խոսքերով հանդես գալ այն ժամանակ, երբ դատական գործը ընթացքի մեջ է եղել։ 2016թ․ ապրիլի 24-ին՝ հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին, Թոլգա Ադըգյուզելը Twitter-յան իր միկրոբլոգում գրառում է կատարել․ «Ձեր հանգուցյալների՛ն էլ, ողջերի՛ն էլ, ամեն օր՝ մեկիդ, մի օր՝ բոլորիդ․․․։ Մեկդարյա սուտ հայոց ցեղասպանություն»։