Էրդողանը նորից սպառնացել է հայաստանցիներին

Գերմանիայի խորհրդարանի կողմից հայոց ցեղասպանության նախագծի ընդունումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է հայաստանցիներին հետ ուղարկել իրենց երկիր։ Էրդողանը 2010թ․ ևս նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել։

Հատվածներ Էրդողանի հայտարարությունից․

«Եթե դեռևս կան այնպիսիք, ովքեր Գեզի այգու իրադարձությունները կապում են ծառի հետ, դեկտեմբերի 17-25-ի հեղաշրջման փորձը՝ իրավական գործողություններ, ապա նրանց տրամաբանելու ունակությունը կասկած է հարցուցում։ Գերմանիայի խորհրդարանի ընդունած որոշումն էլ այս շղթայի մասն է կազմում։ Եթե իրավաբանական տերմիններով ասենք, աշխարհում ցեղասպանության հարցում խոսքի իրավունք ունեցող վերջին երկրի կողմից մեր հասցեին մեղադրանքներ հնչեցնելը կյանքի նորմալ հոսքին հակառակ է»։

«Ամաչելու ոչինչ կունենք»

«Եվս մեկ անգամ ընդգծում եմ․ մենք մեր անցյալի հետ կապված ամաչելու ոչինչ չունենք։ 

Սակայն հայոց ցեղասպանության բանաձևերով մեր երկրին հաճախ սպառնացող պետություններից յուրաքանչյուրի հետևում միլիոնավոր անմեղների արյունը կա»։

«Հայերը շահագործվում են»

«Շատ լավ գիտեմ, որ այս խնդիրը հայերի հետ կապված չէ, որ այս խաղում նրանք որպես գործիք օգտագործվում են, շահագործվում են։

Հայոց հարցը աշխարհում սկսել է որպես Թուրքիայի դեմ շանտաժի միջոց օգտագործվել»։

«Նմանատիպ մոտեցում կա նաև զուգահեռ (պարալել) գործող դավաճան խմբավորման հարցում։ Թուրքիայից փախչող բոլոր խմբավորումների անդամները շատ հեշտությամբ կեցություն են հաստատում արևմտյան երկրներում, այդ թվում նաև Գերմանիայում։

Ջեմ Օզդեմիրին «Երեխա է, չի հասկանում»

«Այս հարցը օրակարգ տեղափոխողը երեխա է, չի հասկանում, գնացել Գերմանիայի խորհրդարանում նման տեքստ է առաջարկում։ Էս ամեն ինչից տեղեկություն ունե՞ս։ Պատմության գիտելիքներդ ինչքա՞ն են։ Արխիվների մասին ի՞նչ գիտես։ Ո՞ր արխիվից ես օգտվել արդյոք։ Սրանց պետք է այս ամենը հարցնել։ 

Գերմանիայւում ծնվել, այնտեղ մեծացել է կամ այստեղ ծնվել, հետո Գերմանիա է գնացել։ Գնա ուր ուզում ես։ Թայիփ Էրդողանին հայհոյելուց ոչինչ չես շահի։ 

Բայց ես զարմանում եմ, թե ինչպես է հսկայական գերմանական խորհրդարանը սրանց փեշից կախվել։ 

Է՛յ, գերմանացի քաղաքագետնե՛ր, եթե անկեղծ եք, եթե ազնիվ եք, կոչ եմ անում բացել ձեր արխվները, եթե ունեք այդպիսիք։ Մենք բացել ենք մեր բոլոր արխիվները։ 

«Ոչ Թուրքիայի քաղաքացի հայերին Հայաստան կուղարկենք»

«Շատ լավ գիտենք, որ այս հարցը հայերի իրավունքները պաշտպանելու համար չէ, այն միայն շահագործման հարց է։ Հույս ունեմ՝ հայերը կհասկանան այս իրականությունը և թույլ չեն տա օգտագործել իրենց։

Այս պահին իմ երկրում մոտ 100 հազար հայ կա։ Սրանց մոտավորապես կեսը մեր քաղաքացիներն են, այժմ մեր երկրում են ապրում, աշխատում։ Սակայն նույնչափ հայ էլ կա, որ քաղաքացիություն չունի։ 

Մենք եթե այս հարցում զգայուն չլինենք, ինչու՞ պետք է մեր երկրի քաղաքացի չհանդիսացող հայերին մեր երկրում պահենք։ Նրանց իրենց երկիր կուղարկենք, ինչպես եվրոպացիներն են ուղարկում։ Կանենք սա»։

Առաջին սպառնալիքը չէ

2010թ․ ևս դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Էրդողանը հայաստանցիներին Հայաստան ուղարկելու սպառնալիք էր հնչեցրել։ Այս սպառնալիքը հաջորդել էր ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի խորհրդի կողմից և Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ 

«Երկրումս 170 հազար հայ կա։ Սրանցից 70 հազարն իմ քաղաքացիներն են։ Սակայն 100 հազարին մեր երկրում պահում ենք։ Ես էլ ի՞նչ եմ անելու, այս 100 հազարին ասելու եմ ձեր երկիր գնացեք, սա եմ անելու։ Ինչու՞։ Սրանք իմ քաղաքացիները չեն։ Ստիպված չեմ իմ երկրում պահել։ Իրենց պահվածքով, ցավոք, մեր այս անկեղծ վերաբերմունքի վրա բացասական ազդեցություն են ունենում։ Չեն գիտակցում սա»։