«Մենք էլ էինք ձեզ հետ»

Գերմանական Բունդեսթագում հունիսի 2-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող նախագծի ճանաչումից հետո նախագծի ընդունման աշխատանքներում կարևոր աշխատանքներ իրականացնող Կանաչների կուսակցության՝ թուրքական ծագում ունեցող պատգամավոր Ջեմ Օզդեմիրի դեմ ռասիզմի հասնող քննադատություններ, վիրավորանքներ են հնչում՝ սկսած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից մինչև ամենատարբեր անձանց և հաստատությունների կողմից։ Օզդեմիրը հունիսի 2-ից հետո տեղի ունեցածների մասին է պատմում։

- Թուրքական պետության՝ ցեղասպանության նախագծին առնչվող և Ձեզ ուղղված վիրավորանքները, սպառնալիքներն ու քննադատություններն ինչպե՞ս են ընկալվում Գերմանիայի հասարակության և քաղաքական շրջանակների կողմից։ 

- Ինչպես ասում են՝ չկա չարիք, առանց բարիք։ Քաղաքացիությունից հանելուց մինչև արյան անալիզ և օր օրի ավելի աբսուրդացող խոսակցություններ, ստեղծարարության սահման չճանաչող վիրավորանքներ և քննադատություններ․ այս բոլորը Գերմանիայի հասարակության և քաղաքական շրջանակներում ցեղասպանության նախագծի, ցեղասպանության իրականացման մեջ Գերմանիայի պատասխանատվության մասին ավելի բուռն քննարկումներ առաջ բերեցին, ինչպես նաև շփոթություն առաջացրեցին։ 

Մինչ օրս Գերմանիայում իրենց ծայրահեղական աջակողմյան դիրքորոշմամբ և ազգայնականությամբ աչքի ընկնող խմբերին մեկ այլ տարածաշրջանից մրցակից դուրս եկավ՝ ասելով․ «մենք էլ ոչնչով ձեզ չենք զիջում»։ Հեգնանքը մի կողմ՝ մինչդեռ մենք մտածում ենք՝ ինչպես պայքարել Գերմանիայի ծայրահեղ աջակողմյան հատվածի դեմ, Pegida-ի պես շարժումների ստեղծած քաղաքական մթնոլորտն ինչպես ցրենք, Գերմանիայում բնակվող Թուրքիայի քաղաքացիների շրջանում ստեղծվում է մի հատված, որը սնվում է Թուրքիայի մերօրյա կառավարության վարած մահմեդա-ազգայնական քաղաքականությունից։ Համատեղ կեցության տեսանկյունից նման խմբի առկայությունը լուրջ քննարկումների տեղիք է տալիս։ 

Ինչպես գիտեք՝ որոշումը խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցությունների համատեղ որոշման արդյունքում է կայացվել։ Հունիսի 2-ի նիստին ներկա գնտվող պատգամավորները որոշմանը կողմ քվեարկելիս ո՛չ վերևներից ինչ-որ մեկի տեսակետով են առաջնորդվել, ո՛չ էլ դա արել են որևէ քաղաքական դիտավորությամբ՝ ինչպես լինում է Թուրքիայում։ Որպես ազատ և ժողովրդավար երկրի՝ օրենքով և խղճով առաջնորդվող խորհրդարանի ներկայացուցիչներ՝ իրենց ինքնորոշումն են արտահայտել առանց մեկ այլ երկրի քմահաճույքին և ճնշումներին ենթարկվելու։ Գերմանիայի Խորհրդարանի նախագանը և բոլոր կուսակցությունները, մի կողմ դնելով քաղաքական անհաշտությունները, մեզ հաղորդեցին, որ «Անհրաժեշտության դեպքում Գերմանիայի խորհրդարանը քննարկում և քննարկելու է ամեն հարց» և ևս մեկ անգամ ցույց տվեցին խորհրդարանական վարչակարգի կարևորությունը։

Սակայն, հարգելի Մերկելից ավելի ուժեղ դիրքորոշում, սպառնալիքներին և վիրավորանքներին ավելի կոշտ վերաբերմունք էի ակնկալում։ Իրավիճակը մեղմելուն ուղղված «անընդունելի է» խոսքը չսազեց խորհրդարանի ցուցադրած կամքին՝ մանավանդ, երբ հասարակությունը մեր խորհրդականներիս կողքին էր մեր դիրքորոշման և քաջության համար։

Մահվան սպառնալիքները և վիրավորնանքները մի կողմ թողնենք, Մենք՝ գերմանացի խորհրդականներս, մեր գաղափարներն արտահայտելու համար չենք ձերբակալվում, անձեռնմխելիությունից չենք զրկվում ի տարբերություն Թուրքիայի մեր գործընկերների։ Ոչ էլ փողոցում սպանվում ենք՝ ինչպես իմ եղբայր Հրանտը և մի շարք խիզախ մարդիկ։ Դժվարին պայմաններում այս պայքարը մղողները նրանք են և իրականում նրանք են մեծ հարգանքի արժանի։

Սակայն, բոլոր քննադատողներին նույն դասակարգման ենթարկելը ճիշտ չէ։ Տարիներ շարունակ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը ցեղասպանությունը տաբու է դարձրել։ Տեղի ունեցածների մասին չեն խոսել, չեն կարողացել խոսել։ Ժխտողականությունը խոչընդոտել է ոչ միայն հայերի, այլ նաև այդ տարածաշրջանում բնակվող մի շարք ժողովուրդների ցավերի մասին խոսելը։ Այս ամենի մասին չեն խոսել, չեն գրել եղածի պես։

Հիմա եմ հասկանւոմ, որ այս հարցում կարևոր բացեր կան։ Դժբախտաբար, շատերը բավարարվում են այն ամենով, ինչ իրենց ներկայացվում է և պաշտոնական դիրքորոշումից բացի ուրիշ ոչինչ չեն կարդում։ «Միություն և առաջադիմությունը» հերոսացնող պատմագրությունը թաքցրել է Կոմիտասներին, թուրքերենում անմոռանալի ավանդներ ունեցաղ Հակոբ Դիլաչարին, 1915-ին դեմ դուրս եկած օսմանյան նահանգապետերին։ Այսօր եկող քննադատությունները սրա հետևանքն են։

Եվ հենց սա է, որ պետք է քննարկվի։ Մինչ այսօր մեր երեխաներին այս ամենի մասին չենք սովորեցրել, չենք կարողացել սովորեցնել, սակայն արդեն ժամանակն է։

- Ցեղասպանության այս նախագիծն ընդունում է Գերմանական Կայսրության մեղսակցությունը և առերեսումը սկսում է ինքն իրենից։ Ըստ Ձեզ՝ այս նախագիծն ինչե՞ր կփոխի Գերմանիայի և Թուրքիայի հասարակություններում։ 

- Ավելի վաղ էլ մի շարք խորհրդարաններ նմանատիպ որոշումներ են կայացրել։ Սակայն Գերմանական Բունդեսթագի որոշման կարևորությունն այլ է։ Գերմանիայի խորհրդարանը ընդունում է այն մեղքը, որ գործել է մերօրյա Գերմանիայի նախորդ հանդիսացող Գերմանական Կայսրությունը՝ մարդկության դեմ իրականացվող հանցագործությունը չխոչընդոտելով, չնայած որ գերմանացի դիվանագետները, միսիոներները բացահայտորեն տեղեկացրել են հայերի կազմակերպված տեղահանության և ջարդի մասին։ Սրանով պատասխանատվությունը մերօրյա Թուրքիային կամ Գերմանիային չենք նետում։ Ավելին, մեր պարտականությունն ենք համարում ջանք գործադրել Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Մեր գլխավոր նպատակն է մեր փորձով ոչ թե թուլացնել, այլ, ընդհակառակը, ուժեղացնել մեկ այլ երկրի։ 

Արդեն ժխտողական քաղաքականության և մերժման կարիք չկա։ Մեր հաղորդագրությունը պարզ է․ «Տեսեք, մենք էլ էինք ձեզ հետ։ Մենք ընդունում ենք մեր պատասխանատվությունը և ցանկանում ենք առերեսվել այս դառը պատմությանը, որը նաև մեր անցյալի մասն է կազմում։ Եկեք միասին անենք սա, եթե անգամ ցավոտ լինի։ Վստահ եմ՝ սա արձագանք կգտնի Թուրքիայում և կհզորացնի Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունները, որենք պայքար են մղում սրա համար։ Արդեն հետադարձի ճամփա չկա»։




Yazar Hakkında

Karin Karakaşlı

Üvercinka