Զենիթ․ «Զեկույցում գրեցի՝ սպանվելու է, փոխեցին»

Հրանտ Դինքի սպանության առնչությամբ դատավարության երկրորդ օրը՝ հունիսի 21-ին, սպանության ժամանակ Տրապիզոնի հետախուզության աշխատակից Մուհիթին Զենիթի հարցաքննությունը շարունակվեց։ Զենիթ․ «Ես՝ որպես աշխատակից, գրել եմ՝ սպանվելու է։ Երբ զեկույցը բաժնի վարիչին է ուղարկվել, Էնգին Դինչը և Օզքան Մումջուն ձևափոխել են այն»։

Չաղլայան 14-րդ ծանր հանցագործությունների գործով դատարանում ընթացող դատավարության երկրորդ օրը շարունակվել է Հրանտ Դինքի սպանության ժամանակ Տրապիզոնի հետախուզության աշխատակից Մուհիթին Զենիթի հարցաքննությունը։

Հետախուզության ոլորտում վարպետ-աշակերտ փոխհարաբերություն կա

Զենիթին հարցեր են ուղղել F5 զեկույցի անհետացման, Էրհան Թունջելի հետ ունեցած հեռախոսազրույցի, Անկարա ուղարկվելու մասին։ Նրան նաև հարցրել են, թե արդյո՞ք ճնշումների ենթարկվել է, ինչու՞ է սպանությունից հետո Տրապիզոնի հետախուզության բաժին գնացել։

Հիշեցնելով, որ Անկարայում աշխատանքի անցնելուց հետո Զենիթի հեռախոսազրույցները լսվել են՝ դատավորը հարցրել է, թե արդյո՞ք ճնշումներ են եղել Զենիթի նկատմամբ, որին վերջինս պատասխանել է․ «Այս լսումներն ինձ հետ կապ չունեն։ Դա անում են նրանք, ովքեր իրենց իսկ աշխատակիցներին որպոս ահաբեկիչ են տեսնում»։

F5 զեկույցի անհետացմանն առնչվող հարցին Զենիթը հետևյալ պատասխանն է տվել․ «Հետախուզության ոլորտում վարպետ-աշակերտ հարաբերություններ կան։ Մեհմեդ Այհանը, Օնուր Քարաքայան, Օզքան Մումջուն մեր վերահսկողներն էին, այս զեկույցներն իրենց հետ միասին ենք պատրաստել։ Ինչու՞ եմ ես պատասխան տալիս։ Մենք այդ զեկույցները չենք վերցրել, պետք է արխիվում լինեն։ Ոչինչ չեմ թաքցնում»։ Նա նաև նշել է, որ F5 զեկույցում բացի Հրանտ Դինքի մասին տեղեկություններից, ուրիշտեղեկություններ էլ են եղել։

Պետք է գրվի ինչպես կարգն է

Զենիթը հետևյալ կերպ է ներկայացրել F4 զեկույցը․ «Որպես աշխատակից՝ ես գրել եմ՝ սպանվելու է։ Երբ զեկույցը բաժնի վարիչին է ուղարկվել, Էնգին Դինչը և Օզքան Մումջուն ձևափոխել են այն։ Իսկ Օզքան Մումջուն նշել է․ «Մեր պետ Դինչը ասաց, որ զեկույցը աշխատակցի բառերով է ստացվել, պետք է գրվի ինչպես կարգն է, գրության մեջ փոփոխություններ մտցրեց, պաշտոնական գրության վերածեց»։