Էրջան Դեմիր․ «Լիազորությունը Դինչինն է»

Հունիսի 23-ին Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների գործով դատարանում շարունակվել է Հրանտ ինքի սպանության գործում մեղադրվող պաշտոնյաների քննությունը։ Պաշտպանական խոսքով է հանդես եկել Տրապիզոնի հետախուզության բաժնի տնօրեն Էրջան Դեմիրը։

Հինգշաբթի օրը շարունակվող դատավարությանը ներկա էին մեղադրյալներ Մեհմեդ Այհանը, Ռեշադ Ալթայը, Ջելալեթին Ջերահը, Ֆարուք Սարըն, Ահմեդ Իլհան Գյուլերը, Էրջան Դեմիրը, Ալի Ֆուաթ Յըլմազերը և Ռամազան Աքյուրեքը։ Դինքի ընտանիքի փաստաբաններից Բահրի Բելենի պահանջով հունիսի 23-ի դատավարությանը ներկա էր նաև Էրհան Թունջելը։ 

Իր ելույթում Դեմիրը պատասխանատվությունը բարդել է բարձրաստիճան պաշտոնյաներին, առաջին հերթին՝ Էնգին Դինչին, հետախուզության օգնական-աշխատակից Էրհան Թունջելին։ Դատական սենյակում գտնվող Դեմիրի և Թունջելի միջև երբեմն լարվածություն էր նկատվում։ 

Էրջան Դեմիրի պաշտպանական ելույթի կարևոր հատվածները համառոտ․

«Էրհան Թունջելի հետ հանդիպման հրաման ինձ չի տրվել։ Օգնության համար եմ հանդիպմանը մասնակցել»։

Էնգին Դինչի՝ Էրհան Թունջելին իր աշխատասենյան կանչելու փաստի առնչությամբ Դեմիրը նշել է․ «Աշխատասենյակում կայացած հանդիպման ժամանակ ասացին, որ աշխատակցի աշխատելաոճի հետ կապված խնդիր կա։ Ենթադրենք, թե Դինչը ճիշտն է ասում։ Աշխատակցին գրասենյակ բերողը Մուհիթին Զենիթը չէ, Մեհմեդ Այհանը չէ։ Աշխատակցի հետ հանդիպումներն այս պաշտոնյաներն են իրականացնում։ Հանդիպումները չեն կարող իրականացվել առանց պատասխանատու աշխատակազմին տեղեկության»։

«Փետրվարին Թունջելը տեղեկություն է տալիս, որ Դինքը սպանվելու է, ապրիլին ասում է «այլևս չեմ աշխատելու»։ Այդ իսկ պատճառով էլ ասել եմ, որ եթե նրա գլխից մի մազ պակասի, ողջ-ողջ թաղելու եմ։ Էրհանն այս պատճառով ինձ հետ խնդիրներ ունի»,- Դեմիրն այսպես է մեկնաբանել Է․ Դինչի հետ ունեցած լարվածությունը։ 

«Սպանության համար օգտագործված զինատեսակի մասին տեղեկությունը Տրապիզոնի ժանդարմերիան գրանցել է Օգյուն Սամասթի ձերբակալությունից 3-4 ժամ առաջ։ Վարչապետության քննչական կառույցի զեկույցում նշվում է, որ ժանդարմերիան տեղյակ չէ՝ այդ տեղեկությունը որտեղից է ստացվել»։

Դեմիրը նաև ժխտել է մեղադրականում տեղ գտած տեղեկությունը, թե սպանության հետ կապված «աղմկահարույց» արտահայտությունն ինքն է գրել զեկույցում։ «Արդյո՞ք կարծում եք, թե ես իմ վերադասին խաբել եմ։ Էնգին Դինչն է պատասխանատուն։ Օզքան Մումջուի հայտարարությունները և Դինչի վկայությունները կան»,- նշել է Դեմիրը։ 

«Գյուլերի ստորագրած փաստաթղթում նշված է, որ Դինքը թիրախում է»

«2004թ․ կազմված փաստաթղթում նշված է, որ Դինքը հայտնվել է թիրախում և որ նրա տանը նախազգուշական միջոցառումներ են իրականացվել։ Գրված է, որ աղմկահարույց գործողությունը բավարար է։ Դինքի սպանությունից առաջ Գյուլերի կողմից ստորագրած փաստաթղթում էլ է նշված, որ Դինքը թիրախում է հայտնվել»։

Խոսելով բացակայող զեկույցի մասին՝ Դեմիրը նշել է․ «Բացակայող զեկույցի բովանդակությունը Վարչապետին առընթեր քննչական կառույցի և քաղաքացիական քննչական կառույցի զեկույցում նշված է։ Կամ քննչությունը, կամ հետաքննությունը ստում են»։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ սպանության մասին տեղեկությունը Ռեշաթ Ալթային չի տրամադրել՝ Դեմիրը նշել է․ «Ես Ստամբուլից որևէ պաշտոնյայի կամ Ռեշեթ Ալթային տեղեկություն տրամադրելու իրավասություն չունեի»։