Հայազգի կիթառի ուսուցիչը հեռացվել է աշխատանքից՝ գյուլենականների հետ կապ ունենալու պատճառաբանությամբ

Թուրքիայում հուլիսի 15-ի զինվորական հեղաշրջման փորձից հետո աշխատանքից հեռացվել են Ստամբուլի քաղաքապետարանի՝ Մշակույթի և մասնագիտական կրթության դասընթացների մի շարք աշխատակիցներ։ Նրանց թվում է նաև հայազգի Արի Հերգելը, ով արդեն ութ տարի է դասավանդում է այդտեղ։

Զինվորական անհաջող հեղաշրջումից հետո աշխատանքից հեռացվել են նաև Ստամբուլի քաղաքապետարանի՝ Մշակույթի և մասնագիտական կրթության դասընթացների աշխատակիցները։ Հայազգի Արի Հերգելը նրանցից մեկն է։ Նա արդեն ութ տարի նշված հաստատությունում կիթառի դասեր է իրականացնում և աշխատանքից հեռացվելու մասին տեղեկացվել է բջջային հաղորդագրության միջոցով։

Հերգելը նշում է, որ չգիտի՝ ինչու են իրեն հեռացրել աշխատանքից, սակայն բջջային հաղորդագրության մեջ նշված է եղել, որ դա Ֆեթուլահ Գյուլենի հետ առնչություն ունենալու պատճառով է։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ աշխատանքից հեռացվում են ապօրինի կառույցների հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցողները, տեղեկացվում է, որ սկսած հուլիսի 22-ից վերջ է տրվում Հերգելի աշխատանքին։

«Տեղեկություն, փաստաթուղթ չկա»

«Ինձ ուղարկված հաղորդագրության մեջ նշվում է, որ աշխատանքից հեռացվել եմ Ֆեթուլահ Գյուլենի ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու պատճառով։ Սակայն այդպես էլ չկարողացա ճշտել, թե ինչի հիման վրա է որոշվել, որ ես առնչություն ունեմ նշված խմբավորման հետ»,- նշում է Արի Հերգելը։

Հերգելը տեղեկացնում է, որ նույն պատճառաբանությամբ մի շարք այլ աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից․ «Դատական գործ հարուցելու համար անհրաժեշտ ծանուցումը վերցնելու համար գնացի կենտրոն, որտեղ հանդիպեցի տասնյակ մարդկանց, ովքեր եկել էին նույն ծանուցման համար։ Նրանք բոլորը աշխատանքից հեռացվել են նույն պատ-առաբանությամբ»։

«Կարևոր է, որ այս կեղտաբիծը ջնջվի» 

Հերգելը հայտնում է, որ դիմելու է դատարան՝ անօրինական զարգացումները կանխելու համար։ «Եթե հաշվի առնենք տեղի ունեցողները, ապա հստակ է, որ իմ աշխատանքից հեռացվելը շատ կարևոր դեպք չէ։ Ես ի վիճակի եմ տնտեսական այս բացը լրացնել։ Սակայն հանդիպել եմ շատ մարդկանց, ովքեր ավելի վատ վիճակում են, ում համար սա միակ եկամտի աղբյուրն էր։ Նրանց համար դրությունն ավելի կենսական նշանակություն ունի։ Ինձ համար կարևոր է իմ անվան վրայից ջնջել այս կեղտաբիծը և դատարանի միջոցով այս ապօրինի զարգացումները կանխել»,- նշում է հայազգի Արի Հեգելը։