Դիարբեքիրի Սուրում եկեղեցիները չեն փակվելու

Թուրքիայի Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը հայտարարել է, որ Դիարբեքիրի Սուր գավառում օտարման ենթարկված եկեղեցիները շարունակելու են օգտագործվել որպես եկեղեցի։

Դիարբեքիրի Սուր գավառում տեղի ունեցած բախումներից հետո՝ 2016թ․ մարտի 25-ին, Թուրքիայի Նախարարների խորհուրդը Սուրի անհապաղ օտարման (պետականացման) մասին որոշում էր կայացրել։ Որոշումը տարածվում էր նաև Սուրում գտնվող բոլոր եկեղեցիներ վրա։ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության (HDP) հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում բարձրացրել էր օտարման ենթարկված եկեղեցիների հարցը։ Փայլանը գրավոր դիմում էր ներկայացրել Թուրքիայի Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությանը՝ հարցնելով օտարման պատճառների և օտարված եկեղեցիների ճակատագրի մասին։ 

Թուրքիայի Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը պատասխանել է Փայլանի հարցադիմումին։ Նախարարությունը տեղեկացրել է, որ եկեղեցիները չեն փակվելու և որ շրջակայքի մշակութային ժառանգությունը չի ոչնչացվելու։

Նախարարությունը նշել է, որ եկեղեցիները վերականգնվելու են բոլոր անհրաժեշտություններին համապատասխան և եկեղեցիների շինություններն այլ նպատակներով չեն օգտագործվելու։ «Պետականացման որոշումը չի նշանակում, որ եկեղեցիները փակվելու են»,- նշվում է նախարարության պատասխանի մեջ։