Պայթյուն Դիարբեքիրում

Դիարբեքիրի Չնար և Բիսմիլի միջև գտնվող ճանապարհատրանսպորտային հսկողության կետի վրա հարձակում է իրականացվել։ Ըստ նախնական տվյալների՝ երկու ոստիկան և մեկ երեխա զոհվել են պայթյունի պատճառով։

Դիարբեքիրում՝ Չնար և Բիսմիլ գավառների միջև, ուժգին պայթյուն է որոտոցել։ Դիարբեքիրի նահանգապետարանը պայթյունի առնչությամբ հայտարարություն է տարածել։ «Պայթյունի հետևանով երկու ոստիկան, մեկ երեխա են զոհվել։ 25 հոգի վիրավոր է, նրանցից հինգը ոստիկան»,- նշվում է նահանգապետարանի հայտարարության մեջ։ 

Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ պայթուցիկ նյութերով բեռնված բեռնատարի միջոցով է պայթյունն իրականացվել։

«Դողան» լրատվական գործակալության տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով մեծ թվով վիրավորներ կան։ Կան նաև պնդումներ, որ ոստիկանության բաժնի մոտակայքում փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանների և Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների միջև, որի հետևանքով 11 ոստիկան է վիրավորվել։

Նախորդ շաբաթ Դիարբեքիրի Սուր գավառում էր պայթյուն տեղի ունեցել, որի հետևանքով նույն ընտանիքից 5 հոգի մահացել էր, 12 մարդ՝ վիրավորվել։ Քրդական աշխատավորական կուսակցությունը չէր ստանձնել նշված պայթյունի պատասխանատվությունը՝ նշելով, որ իրենք առնչություն չունեն դրա հետ։