«Օզգյուր գյունդեմ»-ը փակելու որոշում և ոստիկանական գործողություն

«Օզգյուր գյունդեմ» թերթի գործունեությունը Ստամբուլի 8-րդ ծանր հանցագործությունների գործով դատարանի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել է։ Որոշման հիմնավորումը Քրդական աշխատավորական կուսակցության քարոզչություն իրականացնելն է։ Դատարանի որոշումից հետո ոստիկանության խմբերը հատուկ գործողություն են իրականացրել և ներխուժել են թերթի շենք։

«Օզգյուր գյունդեմ» թերթի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է Ստամբուլի 8-րդ ծանր հանցագործությունների գործով դատարանի որոշմամբ։ Թերթի ներկայացուցիչները նշում են, որ որոշման հետ կապված որևէ ծանուցում դեռևս չեն ստացել։ Թերթի գործունեության ժամանակավոր դադարեցման որոշման մասին դատարանը հայտարարել է․ «Հետաքննություն է իրականացվում «Օզգյուր գյունդեմ» թերթի՝ Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) քարոզչություն իրականացնելու և նմված զինված խմբավորման մամլո ներկայացուցչության պես գործելու համար։ Թուրքիայի Հանրապետության սահմանադրության 28-րդ կետի համաձայն՝ որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել թերթի գործունեությունը»։

Զանա՝ համերաշխության կոչ ենք անում

«Օզգյուր գյունդեմ» թերթի գլխավոր խմբագիր Զանա Քայան «Էվրենսել»-ի հետ զրույցում նշել է․ «Դեռ որևէ ծանուցում չկա։ Զլմ-ներից ենք տեղեկացել որոշման մասին։ Արտակարգ իրավիճակից առաջ էլ մեր թերթի նկատմամբ շատ հարձակումներ են եղել։ Մեր համերաշխության քարոզարշավով այդ հարձակումները զգալիորեն կասեցրել էինք։ Օգտագործելով հուլիսի 15-ի զինվորական հեղաշրջման փորձը և հիմնվելով արտակարգ իրավիճակի վրա՝ կառավարությունը ուշադրությունը սևեռել է ընդդիմադիր, դեմոկրատ զանգվածային լրատվամիջոցներին։ Այս որոշումը դրա վառ ապացույցն է։ Անկախ լրատվամիջոցները չեն խոնարհվելու ոչ մի հեղաշրջման փորձի առաջ և պաշտպանելու են ժողովրդի տեղեկացված լինելու իրավունքը։ Դեմոկրատական բոլոր լրատվամիջոցներին, լրագրողներին, լրատվական կառույցներին, հասարակական կազմակերպություններին և ժողովրդին սոլիդարության կոչ ենք անում»։ «Օզգյուր գյունդեմ»-ի լրագրողները սոցիալական ցանցերում գրառումներ են արել՝ տեղեկացնելով, որ շարունակում են աշխատել վաղվա թերթի վրա։