ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Մեր ժամանակի հերոս Ադամ Սահակեան

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

dzovinarlok@gmail.com

-Ուրբաթ գնում եմ Եռաբլուր, Ադամի տարեդարձն է՝ 20-ամեակը։

-Ադա՞մ, ո՞վ է Ադամը։

Մենք աղջկաս հետ զարմանքով նայում ենք զրուցակցի վրայ, չհասկանալով, թէ ինչպէ՞ս կարող է Ադամ անունը ոչինչ չասել մարդուն, որն ապրում է Հայաստանում։ Սակայն դա զարմանալի չէ. այսօր եթէ որեւէ մէկին հասու չէ համացանցը իր ողջ տեղեկատուական դաշտով, ապա նա կտրուած է իր ապրած երկրի իրականութիւնից, էլ չեմ ասում ողջ աշխարհից։ Անշուշտ նա դիտում է հեռատեսիլ, եւ հեռատեսիլով ապրիլեան քառօրեայ պատերազմի հերոսների մասին հեռուստալրագրողները պատրաստել էին ռէօփորթաժներ, այցելելով քաջարի ընկած զինուորների տները եւ զրուցելով նրանց ծնողների հետ, սակայն միայն համացանցում տեղադրած նիւթերն են հնարաւորութիւն տալիս ոչ միայն ծանօթանալ, այլ նաեւ մտերմանալ եւ հարազատանալ մեր ժամանակի հերոսների հետ, որոնցից շատերը աւաղ մեզ յայտնի դարձան իրենց 18 կամ 19-րդ ընդհատուած գարնան շնորհիւ։ Այսպիսով եթէ մենք փնտռենք մեր ժամանակի հերոսին, ապա պիտի խոստովանենք, որ 25 տարի առաջ անկախացած մեր երկրում գլխաւոր հերոսը դարձաւ ո՛չ քաղաքական, ո՛չ հասարակական գործիչը, ո՛չ գրողը, ո՛չ էլ կինոյի կամ թատրոնի դէմքերից մէկը։ Մեր ժամանակի հերոսը արդէն 25 տարի է, ինչ Զինուորն է։ Ցաւում ենք եւ հպարտանում,-ասպէս էր ապրիլին սկսւում յայտարարութիւնը կռւում ընկած հերթական զինուորի մասին, որից յետոյ նշւում էր հոգեհանգստի վայրը եւ յուղարկաւորութեան ժամը…

Սերժանտ Ադամ Սահակեանի լուսանկարը հարազատները տեղադրել էին համացանցում պատերազմի թէժ օրերին, յոյս ունենալով, որ ինչ-որ մէկը կը տեղեկացնի նրա գտնուելու վայրի մասին, քանզի նրան չէին գտնում ո՛չ զոհուածների, ո՛չ ողջ մնացածների, ո՛չ էլ վիրաւորների մէջ…

Վերջին խօսքերը, որ լսեցին հարազատները Ադամից, դա «Մենք կանգնած ենք, մենք մեր գործն ենք անում» ։ Ապրիլի 1-ի լոյս 2-ի գիշերը դիրքի աւագ Ադամ Սահակեանը 4-5 ժամ անհաւասար կռիւ տալուց յետոյ ընկաւ իր զինակիցների հետ Ջրականի (Ջաբրաիլ)"«Լալայկա»"կոչուող բարձունքում։ Միայն 10 օր անց, Ապրիլի 11-ին Կարմիր Խաչի ջանքերով հակառակորդը յանձնեց հայկական կողմին 18 զինուորների մարմինները, որոնց մէջ էր նաեւ Ադամինը։ Սակայն բոլոր նրանց համար, ովքեր տեսել էին Ադամի լուսանկարները համացանցով, 19 տարեկան երիտասարդը դարձել էր որդի, եղբայր եւ կեանքի ուղեկից։ Համընդհանուր սիրելի դարձած Ադամին երգեր եւ բանաստեղծութիւններ էին ձօնում, իսկ նրա շիրիմին նամակներ դնում։ Նրա հետ խօսում էին, սիրոյ խոստովանութիւններ անում… Անհնար էր զիջել նրան Բարձրեալին եւ հաշտուել այն մտքի հետ, որ նա այլեւս չկայ։ Ադամը պատրաստւում էր ճարտարապետ-տիզայներ դառնալ եւ կարող էր զօրամասում մնալ եւ զբաղուել գծագրերով, սակայն նա գիտակցաբար բարձրացաւ դիրքեր ու կանգնեց առաջին գծում, որովհետեւ նրա խիղճը թոյլ չտուեց նրան գտնուել աւելի անվտանգ վիճակում, քան դիրքապահներն են։

Լինել Ադամին հայր ու մայր

Երբեք չտեսանք արցունքներ Ադամի ծնորղների աչքերին. հպարտութիւնը վեր էր ամէն ինչից։ Նրանք շնորհակալ են Աստծուց, բայց ոչ այն բանի համար, որ Տէրը շնորհեց նրանց Ադամի պէս առիւծասիրտ զաւակ, այլ այն բանի համար, որ բախտ ընծայեց լինել Ադամին հայր ու մայր։

Համընդհանուր սէրը ի դէմս Պետական Երիտասարդական Դպրոց կազմակերպութեան նախաձեռնեց Օգոստոսի 19-ին Ադամ Սահակեանի 20 ամեակին նուիրուած միջոցառումները, որոնք սկսուեցին Եռաբլուրում եւ աւարտուեցին Խաչիկ Դաշտենց դպրոցում, որի շրջանաւարտն էր Ադամը. այստեղ բացուեց Ադամ Սահակեանի անունը կրող պատմութեան դասարան։ Պատերից մեզ վրայ է նայում անսահման հմայք ունեցող լուսաւոր հայեացքով Ադամը, որին յաւերժ ներկայ է դնում ողջ հայ ժողովուրդը…

Անցեալի եւ ապագայի խորհրդանիշներ

Խորհուրդ կու տայի բարձրաստիճան հիւրերին, ինչպէս նաեւ բոլոր Հայաստան այցելող զբօսաշրջիկներին Ծիծեռնակաբերդի կոթողի հետ մէկտեղ այցելել նաեւ Եռաբլուրի զինուորոկան պանթէոնը, որովհետեւ եթէ ցեղասպանութեան սրբերի թանգարանն ու կոթողը պատմում են մեր անցեալի մասին, ապա Եռաբլուրը մեր ապագայի երաշխիքն է, այո՛, միայն այն ազգն է արժանի ապագայ ունենալ, ում հովանաւորում է երկնաւոր զինեալ ուժը։ Բարձրացէ՛ք Եռաբլուր եւ այդ բարձունքից նայէք մեր քաղաքին, երկրին… զգացէ՛ք այդ զինեալ հողի ուժը։ Այստեղ զոհերի շիրիմներ չէն, ո՛չ էլ ննջեցեալների։ Այստեղ միշտ արթուն, միշտ երիտասարդ զինուորի մատաղ սիրտն է շարունակում բաբախել։ Եւ եթէ տեսնէք շիրիմին 1972-1992 կամ 1996-2016 տարեթիւերը, ապա իմացէ՛ք, որ նրանք երկինք բարձրացան դեռեւս 20 տարին չբոլորած։