Կյանքից հեռացել է Վեդաթ Թյուրքալին

Թուրքիայի գրականության վարպետներից մեկը՝ Վեդաթ Թյուրքալին, կյանքից հեռացել է 97 տարեկան հասակում։

Վեդաթ Թյուրքալին Թուրքիայի գրական և ինտելեկտուալ շրջանակների կարևոր անուններից է։ Այսօր առավոտյան Վեդաթ Թյուրքալին վախճանվել է Յալովայի պետական հիվանդանոցում։ 97-ամյա գրողի մահվան լուրը դուստրը՝ դերասանուհի Դենիզ Թյուրքալին է հայտնել։ 

Ո՞վ է Վեդաթ Թյուրքալին

Թյուրքալին 1919թ․ մայիսի 13-ին Սամսունում է ծնվել, ավարտել է Սամսունի ավագ դպրոցը, ապա 1942թ․ ավարտել է Ստամբուլի համալսարանի Գրականության ֆակուլտետի Թուրքերեն լեզվի և գրականության բաժինը։ 

Մալթեփեի և Քուլելիի զինվորական դպրոցներում աշխատել է որպես գրականության ուսուցիչ, որից հետո 1951թ․ իր քաղաքական հայացքների համար դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։ 7 տարվա ազատազրկումից հետո պայմանականորեն ազատ է արձակվել։

Ռըֆաթ Իլգազի հետ միասին «Գառ» հրատարակչատունն են հիմնել։ 1960թ․ կինոդրամատուրգիայի բնագավառում է սկսել քայլեր անել։ 1965թ․ «Մթության մեջ արթնացողները» ֆիլմը Անթալիայի «Ոսկե նարինջ» կինոփառատոնի շրջանակներում ամենալավ սցենար մրցանակին է արժանացել։ Մի շարք սցենարների հեղինակ է։ 

Վեդաթ Թյուրքալին Թուրքիայի քաղաքական պատմության, քաղաքական քննարկումների ոլորտում շատ կարևոր տեղ է զբաղեցնում։ Նախապես Թուրքիայի կոմունիստական կուսակցության մաս կազմող Վեդաթ Թյուրքալին ամբողջ կյանքի ընթացքում եղել է աշխատավորների, ժողովրդավարության և խաղաղության պայքարի առաջին շարքերում։ Շարունակ գրել է Թուրքիայի քաղաքական անցուդարձի մասին։