Հացադուլ՝ Օջալանին տեսակցելու համար

Թուրքիայում Անդուլլահ Օջալանի հետ տեսակցությունը չապահովելու և նրա մասին որևէ տեղեկության բացակայության պատճառով հացադուլ է հայտարարվել։ Թուրքիայի Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը դեպքի առնչությամբ հայտարարել է․ «Քրդական աշխատավորական կուսակցության ղեկավար Ադբուլլահ Օջալանի անվտանգության հետ կապված խնդիր չկա», որին ի պատասխան՝ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը նշել է․ «Ում ի՞նչ վնաս կլինի, եթե Օջալանի փաստաբաններից մեկը Իմալիում կարճատև տեսակցություն ունենա նրա հետ»։

Այսօր Թուրքիայում 50 հոգանոց խումբ անժամկետ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով Քրդական աշխատավորական կուսակցության ղեկավար Օջալանի հետ տեսակցություն ապահովել։ Հացադուլի 50 կամավորները Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության (ԺԺԿ-HDP), Ժողովրդավարական շրջանների կուսակցության (ԺՇԿ-DBP), Ժողովրդավար հասարակության կուսակցության (ԺՀԿ-DTK), Ժողովուրդների ժողովրդավարական խորհրդի (ԺԺԽ-HDK) և Ազատ կանանց խորհրդի (ԱԿԽ-KJA) անդամներ են։

Հացադուլի մասին հայտարարությունը տարածելուց հետո Թուրքիայի Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը նշել է, որ Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ-PKK) ղեկավար Աբդուլլահ Օջալանի անվտանգության հետ կապված խնդիր չկա։

Արդարադատության նախարարի հայտարարությանը ԺԺկ-ից պատասխանը չի ուշացել։ ԺԺԿ համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, անդրադառնալով Բեքիր Բոզդաղի հայտարարությանը, նշել է․ «Եթե այդքան վստահ եք, ապա թույլ տվեք, որ Օջալանի փաստաբաններից մեկը կամ ընտանիքը կարճ այցելություն ունենա և բոլորին տեղեկացնի նրա իրավիճակի մասին»։

Արդեն ամիսներ են, ինչ Օջալանի հետ տեսակցության իրավունք չի տրվում։ հացադուլի մասնակիցների պնդմամբ արդեն երեք շաբաթ է չեն կարողանում որևէ կապ հաստատել Իմրալի կղզուց որևէ մեկի հետ, ով կկարողանա տեղեկություն տրամադրել Աբդուլլահ Օջալանի իրավիճակի մասին։