Նոր տեսագրություն Դինքի սպանության վայրից

Հրանտ Դինքի սպանության գործով քննության շրջանակներում տեսագրություն է հայտնվել, որում պարզ երևում են դեպքի օրը «Ակօս»-ի շուրջ գտնվող ժանդարմերիայի աշխատակիցները։

Ինչպես փոխանցում է «Ա հաբեր»-ը՝ Դինքի սպանությունից 9 տարի անց հայտնված տեսագրություններից պարզ են դառնում այն սադրիչ սպաների ինքնությունները, ովքեր օժանդակել են Օգյուն Սամասթին։ Լրատվամիջոցի պնդմամբ՝ Գյուլենական շարժման մասնակից լինելու մեղադրանքով ձերբակալված Գլխավոր շտաբի նախկին իրավախորհրդատու, գնդապետ Մուհարրեմ Կյոսեն Դինքի սպանության գործի ամենակարևոր անուններից մեկն է։ Գյուլենականների քննության ընթացքում Դինքի սպանության մասին նոր ապացույցներ են ի հայտ գալիս․ ապացույցներ, որոնք մինչ այժմ ջրի երես դուրս չեն եկել։

«Ա հաբեր»-ի հրապարակած տեսագրության մեջ երևում են 6 ժանդարմերիայի աշխատակիցները՝ Դինքի սպանության վայրը զննելիս։ Նշված ժանդարմերիայի աշխատակիցները Գյուլենականների գործով քննության շրջանակներում ձերբակալվածների շարքում են։ Հրապարակված տեսագրության մեջ տեսանելի է նաև Դինքի վրա կրակ արձակած Օգյուն Սամասթը։ Շրջակայքի տեսախցիկները նկարահանել են սպաներին՝ սպանության վայրում զննումներ իրականացնելիս։ Տեսագրության մեջ որևացող զինծառայողներից մեկի անունը Էմրե Ջինգյոզ է։ Տրապիզոնցի Ջինգյոզը սպանության օրը դեպքի վայրից 322 հեռախոսազրույց է իրականացրել։