Կեսարիայի եկեղեցին կվերածվի գրադարանի

Կեսարիայում (Կայսերի) սկսել են Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները: Եկեղեցին գրեթե 40 տարի օգտագործվել է որպես մարզադահլիճ: Եկեղեցին այսուհետ իր դռները որպես գրադարան է բացելու:

Կեսարիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացվում են Կեսարիայի քաղաքապետարանի կողից: Եկեղեցին իր դռներն է բացելու որպես շուրջօրյա գրադարան: Պատմական շինությունը 50 հազար գիրք է ունենալու:

Գրադարանի ծրագրի մանրամասների մասին տեղեկատվություն է փոխանցվել Կեսարիայի քաղաքապետ Մուսթաֆա Չելիքին: Քաղաքապետին ներկայացված ծրագրերում ներկայացվել են գրադարանի բոլոր մանրամասները՝ գրապահարանները, աշխատանքային սեղանները, լուսավորությունը, ևն: Գրադարանն ունենալու է մասնագիտական գրականություն՝ մոտավորապես 50 հազար գիրք և հնարավորություն է տալու ինչպես անհատներին, այնպես էլ խմբերին աշխատել գրադարանի տարածքում: Գրադարանն ունենալու է նաև էլեկտրոնային գրքեր և փաստաթղթերի բաժին: Գրադարանին կից նաև սրճարան-գրադարան է գործելու: Վերականգնման աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է գրադարանը բացել 2017թ. աշնանը:

Երկար տարիներ որպես մարզադահլիճ օգտագործվող եկեղեցում իրենց կրոնական արարողություններն իրականացնելու համար Կեսարիայի բողոքական համայնքը դիմել էր՝ եկեղեցին իրենց հանձնելու խնդրանքով: Ստամբուլի բողոքական եկեղեցին դիմում էր նարկայացրել Կեսարիայի քաղաքապետարանին, քանի որ Կեսարիայի բողոքական համայնքը աղոթատեղի չունի: Բողոքական եկեղեցու դիմումը, սակայն, մերժվել էր: