Բերման են ենթարկվել քրդերեն երգեր կատարելու համար

Դերսիմի Փերթիկ գավառում հարսանիքներից մեկում քրդերեն երգեր կատարելու պատճառով երաժշտական խմբի (Grup Çığlık Orkestra) 3 անդամ ձերբակալվել են «ահաբեկչական խմբավորման պրոպագանդա» իրականացնելու մեղադրանքով։

Փերթեքում լճի ափին իրականացվող հարսանիքի ժամանակ երաժտական խումբը թուրքերեն և քրդերեն երգեր է կատարել։ Grup Çığlık Orkestra-ի («Ճիչ անսամբլ» խումբ) անդամներ Հըդըր Թաշը, Սինան Թաշը և Բիրոլ Բուլութը «ահաբեկչական խմբավորման պրոպագանդա» իրականացնելու մեղադրանքով բերման են ենթարկվել հարսանիքի վայր ժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից։

Երաժիշտներին տեղափոխել են գավառի ոստիկանության՝ Ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունք՝ հարցաքննության։ Հարցաքննության ընթացքում երաժիշտներին հարցրել են՝ իրենց կատարած երգերում Քրդական աշխատավորական կուսակցության պրոպագանդա իրականացրե՞լ են, թե՞ ոչ։

Հայտնի է, որ երաժիշտները չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները՝ նշելով, որ հարսանիքի ժամանակ կատարել են պատվիրված երգերը։ Սպասվում է, որ հարցաքննության ավարտից հետո՝ այսօր երեկոյան, երաժիշտներին տեղափոխելու են դատարան։