Դինքի սպանության գործի դատական նիստերը շարունակվում են

Հրանտ Դիքի սպանության գործով հանրային պաշտոնյաների դատավարությունը շարունակվում է այսօր՝ հոկտեմբերի 10-ին։ Դատական նիստերը չորս օր են տևելու։ Պաշտպանական խոսքով հանդես են գալու Հետախուզության գործող բաժնի պետ Էնգին Դինչը, Ստամբուլի ոստիկանության բաժնի նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերը և Տրապիզոնի հետախուզության բաժնի պետ Ֆարուք Սարըն։

Հրանտ Դինքի սպանության դատական գործում 35 կասկածյալ կա։ Այսօր Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է դատական նիստը, որի ընթացքում պաշտպանական ելույթ են ունանելու Էնգին Դինչը, Ահմեդ Իլհան Գյուլերը և Ֆարուք Սարըն։ Այս երեք կասկածյալներն էլ Հրանտ Դինքի սպանության ժամանակ կարևոր պաշտոններ են զբաղեցրել ոստիկանական ուժերում։ Սպանության ժամանակ Տրապիզոնի ոստիկանության հետախուզության բաժնի պետ Էնգին Դինչը շարունակում է պաշտոնավարել ոստիկանական համակարգում՝ որպես Ոստիկանության կենտրոնական հետախուզական բաժնի պետ։ Հրանտ Դինքի սպանության գործով շարունակվող հետաքննության և դատական գործի շրջանակներում ներառված մի շարք փաստաթղթերում կարող ենք տեսնել նրա ստորագրությունը։ 

Ահմեդ Իլհանը Դինքի սպանության ժամանակաշրջանում պաշտոնավարել է որպես Ստամբուլի հետախուզության պետ։ Այս պաշտոնը ստանձնել էր 2003 թվականին։

Հրանտ Դինքի սպանության ծրագրի մասին ամենակարևոր հետախուզական զեկույցներից մեկը 2006թ․ փետրվարի 17-ի զեկույցն է։ Այս զեկույցում նշվում է, որ Յասին Հայալը հայերի հանդեպ ատելություն է տածում և ամեն գնով սպանելու է Հրանտ Դինքին։ Զեկույցը Ստամբուլի հետախուզական բաժանմունք է ուղարկվել Տրապիզոնի հետախուզական բաժանմունքից և Ահմեդ Իլհան Գյուլերի ստորագրությունն է կրում։