Դինքի գործով դատակ նիստը շարունակվելու է նոյեմբերին

Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստերի չորրորդ օրը պաշատպանական խոսքով է հանդես եկել սպանության ժամանակաշրջանում Տրապիզոնի ոստիկանության հետախուզության բաժնի պետի տեղակալ Հասան Դուրմուշօղլուն։ Դատական նիստը շարունակվելու է նոյեմբերի 7-ին։

Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների գործով դատարակում ընթացող դատական նիստին ներկա են գտնվել Ռամազան Աքյուրեքը, Ջելալեթթին Ջերրահը, Սաբրի Ուզունը, Ահմեդ Իլհան Գյուլերը, Էրջան Դեմիրը, Ռեշաթ Ալթայը, Հասան Դուրմուշօղլուն, իսկ Թամեր Բյուլենթ Դեմիրելը, Օսման Գյուլբելը, Ալի Փոյրազը, Օգյուն Սամասթը և Յասին Հայալը, Շյուքրու Յըլդըզը, Մեհմեդ Ալի Օզքըլըչը տեսակապի միջոցով են միացել դատական գործին։ 

Դինքի անունը չի լսել

Պաշտպանական խոսքով հանդես եկող Հասան Դուրմուշօղլուն՝ Դինքի սպանության ժամանակաշրջանում Տրապիզոնի ոստիկանության հետախուզության բաժնի պետի տեղակալը, նշել է, որ Դինքի անունն անգամ լսած չի եղել։ Յասին Հայալի և Տրապիզոնի ժանդարմերիայի հետ ունեցած կապին առնչվող բոլոր հարցերին պատասխանն է եղել․ «Չգիտեմ, չեմ հիշում»։ Հասան Դուրմուշօղլուն նշել է, որ մեղադրական ակտում իրեն առաջադրված մեղադրանքները ստույգ տեղեկությունների և տվյալների վրա հիմնված չեն։ «Հրանտ Դինքի անունը ավելի վաղ լսե՞լ եք» հարցին ի պատասխան Դուրմուշօղլուն ասել է․ «Չեմ լսել։ Եթե անգամ լսած լինեմ, ուշադրություն գրավող անուն չի եղել»։

Դուրմուշօղլուի աշտպանական ելույթից հետո դատարանը որոշում է կայացրել դատական նիստերը հետաձգել մինչև նոյեմբերի 7,8,11-ը։ Կայանալիք դատական նիստերում պաշտպանական ելույթներ են ունենալու Ահմեդ Իլհան Գյուլերը, Ջելալեթթին Ջերրահը և Սաբրի Ուզունը։