Դեմիրթաշ․ «Դատական թատերական խաղի տիկնիկը չեմ դառնա»

Ցուցմունքից հետո Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը տեղափոխվել է դատարան՝ կալանավորվելու պահանջով։ Դեմիրթաշն իրեն ուղղված հարցերին չի պատասխանել։

Իր ցուցմունքի ժամանակ Դեմիրթաշը նշել է․

 «Առաջադրված մեղադրանքի հետ կապված հարցերին պատասխանել չեմ ցանկանում։ Փոխարենը՝ ինքս մի հայտարարություն կանեմ։

Մենք ժողովրդի ընտրված ներկայացուցիչներն ենք։ Մենք մեր անձը չենք ներկայացնում, այլ մեզ ընտրած զանգվածներին։ Այժմ էլ անձեռնմխելիության իրավունքի տեր մեկն եմ, խորհրդարանի անդամ։ Ձեր առաջ կանգնած եմ որպես պատգամավոր։ Չեմ կարող թույլ տալ, որ ժողովրդի կամքը ոտնահարվի։ Արդար և անկողմնակալ դատական համակարգի առջև պատասխան տալուց ամենևին չեմ խուսափում։ Այնպիսի բան չկա, որի պատասխանը չունենամ։ 

Երկրում ոտնատակ արվող դատական համակարգին ենթակա մեկը չեմ լինի։ Ձեր անձի և ինքնության դեմ կասկած չունեմ և անարգանք չեմ տածում։ Սակայն անցյալի վրա շատ բծեր ունեցող Էրդողանի հրամանով սկսած այս դատական թատերական խաղի տիկնիկը չեմ դառնա։ Ձեր ոչ մի հարցին չեմ պատասխանելու։ Ձեր իրականացնելիք ոչ մի դատական գործողության արդարացիությանը չեմ հավատում։ Ինձ բերման ենթարկելն անգամ ապօրինություն է։

Քաղաքական գործիչները քաղաքական դաշտում ոչ թե դատական համակարգի, այլ քաղաքական գործիչների հետ գործ ունեն։ Այս առումով, դուք՝ դատական համակարգի ներկայացուցիչներդ, ովքեր պետք է հավատարիմ լինեն միջազգային և ժողովրդավարական դատական սկզբունքներին և Թուրքիայի անդամակցած միջազգային պայմանագրերին, պետք է հրաժարվեք քաղաքական խաղերի մասը կազմելուց։ Ձեզանից պահանջներ և ակնկալիքներ չունեմ։ Իմ քաղաքական գործունեության հետևանքով ինձ հարցաքննել կարող են միայն ինձ ընտրողները»։