Ստամբուլի Մխիթարյան նախակրթարանի պատին ռասիստական գրություն

Բոմոնթիի Մխիթարյան վարժարանի պատին ռասիստական գրություն է հայտնվել։ Բոմոնթիի Մխիթարյանը վերջին չորս մասվա ընթացքում ռասիստական գրությունների թիրախ դարձած երրորդ հայկական դպրոցն է Ստամբուլում։

Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Այքան Էրդեմիրը սոցցանցերում նկար է տարածել, որում երևում է դպրոցի պատի գրությունը․ «Մի օր հանկարծ Ղարաբաղում ենք»։

Բոմոնթի Մխիթարյանի դեպքն առաջինը չէ։ Օգոստոս ամսին Ստամբուլի Ուսկուդար թաղամասում գտնվող Սուրբ Խաչ դպրեվանք վարժարանի, սեպտեմբերին Ուսկուդարի Գալֆայան հայկական դպրոցի պատերին ևս ռասիստական գրություններ էին գրվել։ Մինչ այժմ էլ գրությունների հեղինակներն անհայտ են։ 

Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն դպրոցների պատերին հայտնված գրությունների հարցը բարձրացրել էր թուրքական խորհրդարանում։ Ներկայացված հարցադրումներին ակնկալվում էր ստանալ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի պատասխանը, որը դեռ չկա։