Սեռական բռնության օրինագիծը նորից է քննարկվելու

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայի մեջլիսի օրակարգից դուրս է բերվել օրինագիծը, որը նախատեսում էր անպատժելիություն սահմանել սեռական բռնություն իրականացրածների նկատմամբ, եթե նրանք ամուսնանան սեռական բռնության ենթարկվածների հետ։

Թուրքական կառավարությունը հայտարարել է, որ սեռական չարաշահում իրականացնողների նկատմամբ անպատժելիություն նախատեսող օրինագիծը նորից քննարկվելու է խորհրդարանական հանձնաժողովի կողմից։ 

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում իրականացված մամլո ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նշել է, որ օրինագիծը նորից քննարկման է առնվելու և հաշվի են առնվելու ընդդիմության ու հասարակական կազմակերպությունների առաջարկները։

«Վաղ տարիքում զույգերի ամուսնությունը՝ իրենց կամ իրենց ընտանիքների կամքով, արգելված է, հանցանք է, եթե անգամ իր կամքով է։ «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ իշխանության գալուց առաջ սա հանցանք չէր համարվում։ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն էր, որ երիտասարդների և նրանց ընտանիքների պաշտպանության համար վաղ հասակում ամուսնությունն արգելեց քրեական օրենսգրքով՝ անգամ ինքնակամ ամուսնության դեպքում»,- նշել է Յըլդրըըմը։

Թուրքիայի վարչապետն ավելացրել է․ «Հանձնաժողովը քննարկելու է այս հարցերը, եթե նրանցից (ընդդիմություն) առաջարկ լինի, այդ առաջարկն ընդունվելու և զարգացվելու է։ Եթե առաջարկ չլինի, ապա հասարակական կազմակերպություններից, քաղաքացիներից, մասնագետներից ստացված առաջարկություններն են քննարկվելու և հարցին լուծում ենք գտնելու, քանի որ խնդիրները քաղաքականությամբ են լուծվում։ Եթե քաղաքականությունը ի վիճակի չէ երկրի խնդիրները լուծելու, ապա հասարակության վրա բեռ է դառնում»։

«Արդարություն և զարգացում» կուսակցությունը սեռական բռնություն իրականացնողներին անպատիժ թողնելու օրինագիծը Թուրքիայի մեջլիսի Գլխավոր խորհրդին էր ներկայացրել նոյեմբերի 17-ին։

Նախագիծն ընդունվել էր և ակնկալվում էր, որ Մեջլիսի Գլխավոր խորհուրդն այն քննարկելու է այսօր։

Օրինագիծը, որ նախատեսում է պատժի չենթարկել կամ արդեն սահմանված պատիժը հանել սեռական բռնություն իրականացնողների նկատմամբ, եթե նրանաք համաձայնեն ամուսնանալ սեռական բռնության զոհի հետ, կրում է «Արդարություն և զարգացում» կուսակցության մի շարք պատգամավորների ստորգրությունը․ ԱԶԿ Ստամբուլի պատգամավորներ Մեհմեդ Մուշ և Հալիս Դալքըլըչ, Քոջաելիի պատգամավոր Իլյաս Շեքեր, Քըրըքքալեի պատգամավոր Ռամազան Ջան, Հաթայի պատգամավոր Հաջը Բայրամ Թյուրքօղլու և Օսմանիյեի պատգամավոր Մյուջահիթ Դուրմուշօղլու։