Թուրքիայում 375 կազմակերպություն է փակվել

Նախորդ շաբաթ Թուրքիայի Ներքին գործերի նախարարության որոշմամբ երեք ամիս ժամկետով 375 հասարակական կազմակերպությունների գործունեություն էր դադարեցվել։ Այսօրվա թիվ 677 որոշմամբ այդ կազմակերպությունները փակվել են։

Նոյեմբերի 11-ին Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը գրավոր որոշում էր տարածել, որով երեք ամիս ժամկետով դադարեցվել էր 375 հասարակական կազմակերպությունների գործունեությունը։ Այսօր Թուրքիայի «Պաշտոնական թերթ»-ում տեղ գտած թիվ 677 որոշման համաձայն նշված կազմակերպությունները փակվել են։

Թուրքիայում տիրող արտակարգ իրավիճակի պայմաններում ընդունված որոշմամբ փակվել են կազմակերպություններ, որոնք զբաղվում են երեխաների, կանանց իրավունքների պաշտպանությամբ, հարազատներին կորցրած ընտանիքներին օժանդակելով, ինչպես նաև մշակութային ծրագրերի իրականացմամբ։ Փակված հասարակական կազմակերպություններից են «Օրակարգը երեխաներն են» (Gündem Çocuk), «Ժամանակակից իրավաբանների ասոցիացիան» (Çağdaş Hukukçular Derneği), «Շահ ի մերդան ալևի-բեքթաշիական կրթական և մշակութային կազմակերպությունը», «Հարազատներին կորցրած ընտանիքների օգնության և համերաշխության Բաթմանի Միջագետքի մշակութային միությունը», «Դիջլեի Եփրատ արվեստի և մշակույթի միությունը», «Վանի կանանց ասոցիացիան» (VAKAD), ևն։