Մեկ տարի առանց Թահիր Էլչիի

Թահիր Էլչի՝ Դիարբեքիրի իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան, իրավապաշտպան, մարդ, ով իր ամբողջ մասնագիտական կյանքը նվիրել է անբացահայտ սպանությունների բացահայտմանը։ Թահիր Էլչիի սպանությունից գրեթե մեկ տարի է անցել։ Սպանությունից ամիսներ անց սկսած հետաքննությանը հետևող դատախազներն արդեն երեք անգամ փոխվել են։

2015թ․ նոյեմբերի 28-ին Թահիր Էլչին Դիարբեքիրի Սուր գավառի խորհրդանիշներից մեկը հադիսացող Dört Ayaklı Minare-ի (Դյորթ այաքլը մինարե) դիմաց հայտարարություն էր ընթերցում՝ ուղղված շրջանում տեղի ունեցող բախումներին վերջ տալուն։ Այդ հայտարարության ժամանակ էլ սպանվել էր Թահիր Էլչին։ 

Սպանությունից կարճ ժամանակ առաջ Էլչին հեռուստահաղորդման էր մասնացկել, որի ընթացքում ունեցած ելույթի պատճառով «ահաբեկչական խմբավորման պրոպագանդա» իրականացնելու մեջ էր մեղադրվել, նրան 7․5 տարի ազատազրկման դատապարտելու պահանջով մեղադրական ակտ էր կազմվել։ Բերման ենթարկված Թահիր Էլչիին բաց էին թողել դատական հսկողության պայմանով։ Սպանությունից մեկ ամիս առաջ «Ակօս»-ի հետ զրույցում Թահիր Էլչին նշել էր, որ կառավարամետ լրատվամիջոցներն իրեն թիրախ են դարձրել, մահվան սպառնալիքներ է ստացել, իսկ սկսած հետաքննության առնչությամբ նշել էր, որ «դատախազությունն ու դատական համակարգն այդ հարձակման մասնակից են»։ Խաղաղության գործընթացի ավարտից հետո Թահիր Էլչին շրջանում տեղի ունեցող բախումների կողմերին կոչ էր անում բաց թողնել բանակցության ուղիները, իր նկատմամբ տարվող քաղաքականության մասին էլ ասել էր․ «Իմ դեմ այսքան ուժգին ճնշումները վկայում են, որ կառավարությունը սառնարյունությունը կորցրել է։ Իսկ սա շատ վտանգավոր է»։

Էլչիի սպանության վայրի զննումը չորս ամիս անց է իրականացվել, քանի որ այնտեղ զինված բախումները դեռ շարունակվում էին։ Սպանության դեպքով սկսված հետաքննությունը ոչ մի առաջընթաց չի գրանցել։ Դիարբեքիրի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Ահմեդ Օզմենը նշում է, որ արդյունավետ հետաքննություն չի իրականացվում։

Օզմենը նշում է, որ հետաքննության տվյալները չեն կարողանում ձեռք բերել, չնայած որ հետաքննության ընթացքի գաղտնիության որոշում չկա, ինչպես նաև վկայության և գրավոր դիմումներին պատասխան չեն կարողանում ստանալ։ «Փողոցում գտնվող «Մարդին» ռեստորանի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները մենք ենք ներկայացրել որպես ապացույց։ Սակայն արդեն գրեթե մեկ տարի է անցել, իսկ այդ տեսախցիկների տեսագրությունները դեռ չեն մշակվել։ Այն, որ արդեն մեկ տարի է տեսագրությունները չեն մշակվել, հետաքննության ոչ արդյունավետ և դանդաղ ընթացքի ապացույցն է»։

Մեկ տարում երեք դատախազ

Մյուս կողմից՝ հուլիսի 15-ի անհաջող հեղաշրջման փորձից հետո դատական համակարգում տեղի ունեցած փոփոխությունները նաև դատական գործի վրա են ազդել։ Օզմենը նշում է, որ հուլիսի 15-ից հետո Թահիր Էլչիի գործին հետևող դատախազը սկսել է զբաղվել Ֆեթուլահական խմբավորման գործերով, և Էլչիի գործը անուշադրության է մատնվել։ «Հոկտեմբեր ամսին դատախազը փոխվեց, նորանշանակ դատախազը նշեց, որ գործին ծանոթ չէ և պետք է նախ գործն ուսումնասիրի։ Նոյեմբերին էլ այդ դատախազը փոխվեց։ Գործին արդեն մեկ այլ դատախազ է հետևում։ Հանդիպեցինք նրա հետ, ասաց, որ պետք է գործի մանրամասներին ծանոթանա»,- զրույցի ընթացքում նշեց Օզմենը։

Իր ամբողջ կյանքը անբացահայտ սպանությունների անպատժելիությանը նվիրած Թահիր Էլչիի գործը անբացահայտ գործի է վերածվել, ինչը շատ մտահոգիչ է։ Դիարբեքիրի իրավաբանների ասոցիացիայի նախագահը, սակայն, նշում է, որ ամեն ինչ անելու են, որ Էլչիի սպանության գործը անբացահայտ սպանությունների գործերի շարքին չմիանա։



Yazar Hakkında

Գյոզդե Քազազ