Հրանտ Դինքի սպանության պես Թահիր Էլչիի սպանությունն էլ են ցանկանում քողարկել

Նախքան Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստը սկսելը «Հրանտի ընկերները» Չաղլայան դատարանի առջև էին՝ արդարության պահանջով։ Նրանք այս անգամ արդարություն էին պահանջում Հրանտ Դինքի և Թահիր Էլչիի համար։

«Հրանտի ընկերները» արդարություն են պահաջում ուղիղ մեկ տարի առաջ սպանված Թահիր Էլչիի համար․ «Հրանտ Դինքի սպանության գործում առաջին քայլն ինը տարի անց է ձեռնարկվել։ Պետք է թույլ չտանք, որ նույնը կրկնվի նաև Թահիր Էլչիի սպանության դեպքում»։

«Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը շարունակվում է այսօր՝ նոյեմբերի 28-ին։ Դատական նիստն ընթանում է Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների գործով դատարանում։ 

Դատական նիստից առաջ «Հրանտի ընկերները» հավաքվել էին դատարանի դիմաց՝ արդարության իրենց պահանջն արտահայտելու։ Հայտարարությունն ընթերցող Ժաքլին Չելիքը, հիշեցնելով, որ Դիարբեքիրի իրավաբանների ասոցիացիայի նախագահ և մարդու իրավունքների պաշտպան Թահիր Էլչիի սպանությունից մեկ տարի է անցել, ասաց․ «Շատ նմանություններ կան խաղաղության երկու դեսպանների, երկու աղավնիների սպանության և այդ սպանությունները քողարկելու փորձերի միջև»։

Հրանտի ընկերների հայտարարությունը

«Սիրելի Թահիր Էլչիի դավադիր սպանությունից ուղիղ մեկ տարի անց Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության լսումների համար նորից այստեղ ենք։ Այո՛, շատ նմանություններ կան խաղաղության երկու դեսպանների, երկու աղավնիների սպանության և այդ սպանությունները քողարկելու փորձերի միջև։

Հրանտ Դինքի սպանությունը տարիներ շարունակ մութ է մնացել, ավելի ճիշտ՝ փորձ է արվել այն մութ պահելու և քաղաքական գործիք դարձնելու՝ չնայած բոլոր բացահայտ նշաններին։ Մինչ այժմ էլ այդպես է։ Սպանության մեջ ներգրավված պաշտոնյաներն ինը տարի անց հազիվ կանգնեցին դատարանի առջև։ Սակայն գիտենք, տեսնում ենք, որ կրակելու հրաման արձակողները դեռ չեն պատժվել։ Այս երկրում իշխանությունը շարունակաբար ստանձնող մութ ուժերը թիրախ դարձրեցին Թահիր Էլչիին, ինչպես որ ժամանակին Հրանտ Դինքին էին Թիրախ դարձրել։ Թահիր Էլչին սպանվեց իր կողմից այդքան սիրելի Դիարբեքիրում՝ Սուրում, ճիշտ այնպես, ինչպես Հրանտ Դինքը սպանվեց «Ակօս»-ի առջև, որին իր կյանքն էր նվիրել։

Նրանք ցանկանում են այս սպանությունն էլ մութ պահել։ Սպանությունից մեկ տարի է անցել, սպանությունը օրը ցերեկով է իրականացվել, և չնայած այս ամենին՝ կասկածյալը դեռ հայտնի չէ և շոշափելի առաջընթաց չկա։

Մի ժամանակ շատ ազդեցիկ բարձրաստիճան ոսիկաններ են վկայություն տալու քիչ անց։ Հավանաբար միմյանց են մեղադրելու, ինչպես որ նախորդ նիստերի ժամանակ են արել։ Հետևելու ենք։ Եվ շարունակելու ենք արդարություն պահաջել, քանի դեռ այս սպանության մեջ ներգրավվածները պատասխանատվության չեն ենթարկվել։ Այսօր՝ նոյեմբերի 28-ին, մեր ձայնն ենք բարձրացնում այստեղ։

Հրանտ Դինքի սպանության գործում առաջին քայլն ինը տարի անց է ձեռնարկվել։ Պետք է թույլ չտանք, որ նույնը կրկնվի նաև Թահիր Էլչիի սպանության դեպքում։ Չենք կարող դա թույլ տալ։

Շարունակելու ենք պատասխանատվություն պահանջել խաղաղության երկու դեսպանների համար։ 

Այս դատական գործը կավարտվի այն ժամանակ, երբ մենք կասենք՝ այն ավարտված է»,- նշված էր «Հրանտի ընկերների»-ի հայտարարության մեջ։