Էրդողան և Պուտին․ հարձակումը պրովոկացիա է

Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը մահացել է ցուցահանդեսի ընթացքում իր դեմ իրականացված հարձակման հետևանքով։ Կառլովին սպանողը 1994թ․ ծնված Մևլյութ Մերթ Ալթընթաշն է, ով Անկարայի ոստիկանության աշխատակից է։ Հարձակումից հետո Պուտինը և Էրդողանը հանդես են եկել առնաձին հայտարարություններով՝ տեղի ունեցածն անվանելով պրովոկացիա։

Անդրեյ Կառլովը երկուշաբթի երեկոյան մասնակցել է Չանքայա ժամանակակից արվեստների կենտրոնում տեղի ունեցած ցուցահանդեսին։ Ցուցահանդեսի բացման խոսքի ժամանակ դեսպանի հետևում գտնվող մեկը կրակել է նրա վրա։ Ենթադրվել է, որ այդ անձը լրագրողների անվտանգությունն է ապահովում։ Հարձակումն իրականացնող անձը Կառլովի վրա կրակելուց հետո սկսել է օդ կրակել՝ ներկաներից պահանջելով լքել սրահը։ Ալթընթաշը արաբերեն և թուրքերեն բղավել է․ «Մի՛ մոռացիր Հալեպը, մի՛ մոռացիր Սիրիան»։ Նշվում է, որ Ալթընթաշը ևս մի քանի փամփուշտ է արձակել հատակին գտնվող Կառլովի վրա։ 

Անվտանգության աշխատակիցների միջամտությամբ զինված անձը սպանվել է։ Կառլովը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ հարձակումն իրականացնողը Այդընից է և 2․5 տարի է աշխատում է Անկարայի ոստիկանական շտաբում։

7 անձ բերման է ենթարկվել

Սպանությունից հետո յոթ անձ բերման է ենթարկվել։ Բերման ենթարկվածների թվում են նաև Ալթընթաշի մայրը, հայրը, քույրն ու սենյակակիցը։

Ե՛վ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի արտգործնախարարությունները հարձակումը որպես «հաբեկչություն են որակել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հայտարարության մեջ նշել է, որ սպանությունը սադրանք է կարգավորման գործընթացի դեմ։

Էրդողանը նաև նշել է, որ հետաքննությունն իրականացնելու են Ռուսաստանի հետ համատեղ՝ ընդհանուր կոմիտե ստեղծելով։

Վլադիմիր Պուտինը ևս դեպքը որակել է որպես «պրովոկացիա» և հավելել, որ դա միտված է վնասելու ինչպես ռուս-թուրքական հարաբերություններն, այնպես էլ Սիրիայում ընթացող խաղաղության գործընթացը։

Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ այցելելու է Թուրքիա։ Պուտինի գլխավորությամբ անվտանգության ժողով է իրականացվել, որին մասնակցել են նաև Ռոսւաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Ռուսաստանի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաներ։ 

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը հանդիպում են

Չնայած Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությանը՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներն այսօր հանդիպելու են Մոսկվայում՝ Սիրիային և Հալեպին առնչվող հարցեր քննարկելու։

Դեսպանի սպանությունից հետո հայտարարությամբ հանդես եկող Սերգել Լավրովը նշել էր, որ հանդիպումը չի հետաձգվելու և իրականացվելու է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և Իրանի արտգործնախարար Ջևաթ Զարիֆի մասնակցությամբ։

«Վստահ ենք, որ այս բարբարոսական հանցագործության հեղինակները ցանկանում են Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները վատթարացնել և կասեցնել Սիրիայում ահաբեկչության դեմ տարվող ազդեցին պայքարը։ Այս նախաձեռնությունն անիմաստ է։ Հանդիպման ընթացքում իրականացվելիք մեր քայլերով խափանելու ենք այս հանցագործության հեղինակների ծրագրերը»,- հայտարարել է Լավրովը։