Թուրքիայում լրագրողներ են բերման ենթարկվել

Թուրքիայում «Դիքեն»-ի թղթակից Թունջա Օրեթենը, «Յոլջուլուք» պարբերականի պատասխանատու խմբագիր Էրայ Սարգընը, «Դիահաբեր»-ի թղթակիցներ Օմեր Չելիքն ու Մեթին Յոքսունը, ինչպես նաև «Բիր գյուն» օրաթերթի թղթակից Մահիր Քանաաթը բերման են ենթարկվել։ Որոշ լրագրողների տեսակցությունը փաստաբանների հետ արգելվել է հինգ օրով։

Փաստաբանի տեսակցության արգելք

Նշվում է, որ Քանաաթին բերման ենթարկելուց հետո մտերիմներին որևէ տեղեկություն չի տրամադրվել։ Ըստ նախնական տվյալների՝ Քանաաթը բերման է ենթարկվել Ստամբուլի Չաղլայան դատարանի՝ ահաբեկչության դեմ պայքարի բաժնի հետաքննության շրջանակներում։ Հինգ օրով արգելվել է Քանաաթի տեսակցությունը փաստաբանի հետ։ 

«Օզգյուր ռադիո»-ի գլխավոր համակարգող և «Էթհա» լրատվական գործակալության տնօրեն Դերյա Օքաթանին բերման ենթարկելու որոշում է կայացվել։

Չելիքի տանը սպառնալիքներ և հայհոյանքներ են հնչել

Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները լրագրող Օմեր Չելիքի՝ Դիարբեքիրում գտնվող տանը առավոտյան ժամը 04։00-ի սահմաններում որոնում են իրականացրել։

«Դիհաբեր»-ի փոխանցմամբ՝ Չելիքի ընտանիքը բացել է տան դուռը, որից հետո նրա մորն ու կնոջը ոստիկանները պառկեցրել են հատակին, իսկ Օմեր Չելիքին ծեծի ենթարկել, հայհոյել։ «Լուրեր ես գրու՞մ, հա՞։ Դե գրիր տեսնեմ։ Հայի լաճեր եք։»,- արտահայտություններով Ոստիկանները հայհոյել են Չելիքին։ Ոստիկանը, ատրճանակը պահելով Չելիքի մոր վրա, ասել է․ «Ինչու՞ տղայիդ լրագրող դարձրեցիր։ Ինչու՞ թույլ տվեցիր»։

Չելիքին ձեռնաշղթաներով տեղափոխել են ոստիկանություն։ Ոստիկանությունը բռնագրավել է Չելիքի ընտանիքի բոլոր անդամներին պատկանող բջջային հեռախոսները, գրքերն ու հիշողության քարտերը։ Նշվում է, որ Չելիքի գործի համար գաղտնիության որոշում է ընդունվել։ «Դիհաբեր»-ի թղթակից Մեթին Յոքսունը բերման է ենթարկվել Ստամբուլում գտնվող իր տանից։ 

Օրեթենի տանը որոնումը երեք ժամ է տևել

«Դիքեն»-ը փոխանցում է, որ Թունջա Օրեթենի տանը ոստիկանությունը որոնում է սկսել առավոտյան ժամը 03։00-ի սահմաններում։ Օրեթենի տանը գտնվող բոլոր հեռախոսներն ու համակարգիչները բռնագրավվել են։ Նշվում է, որ լրագրողի բերման ենթարկման պատճառը «ահաբեկչական խմբավորման անդամակցության» կասկածանքն է։

Թունջա Օրեթենին ևս հինգ օր չի թույլատրվելու տեսակցել իր փաստաբանի հետ։

Լրագրողների արհմիություն․ լրագրողներին ազա՛տ արձակեք

Թուրքիայի լրագրողների արհմիությունը լրագրողների բերման ենթարկման դեպքերի առչնությամբ հայտարարություն է տարածել։ «Թուրքիայի բոլոր անկյուններում ռումբեր են պայթում, ԻՊ-ը Սիրիայում թուրք զինվորներին ողջակիզում է․ իրականությունը թաքցնելու նպատակով լրագրողներին թիրախավորելու ըմբռնումը չենք ընդունում։ Լրագրողների առաքելությունը ճշմարտությունը ժողովրդին ներկայացնելն է։ Ուստի ևս մեկ անգամ նշում ենք՝ «Լրագրությունը հանցանք չէ» և պահանջում անմիջապես ազատ արձակել բոլոր բերման ենթարկած և կալանավորված լրագրողներին»,- նշված է հայտարարության մեջ։