Ասլը Էրդողանը, Նեջմիյե Ալփայը և Զանա Բիլիրն ազատ են արձակվել

Թուրքիայում վերջին ժամանակներում փակված պարբերականներից «Օզգյուր գյունդեմ»-ի ղեկավարների և թղթակիցների դեմ դատական գործի նիստում որոշում է կայացվել ազատ արձակել գրող Ասլը Էրդողանին, լեզվաբան Նեջմիյե Ալփային և «Օզգյուր գյունդեմ»-ի գլխավոր խմբագիր Զանա Քայային:

«Օզգյուր գյունդեմ»-ի ղեկավարների և թղթակիցների դեմ բացված դատական գործի շրջանակներում Ասլը Էրդողանը, Նեջմիյե Ալփայը, Զանա Քայան, պարբերականի խմբագիր Ինան Քըզըլքայան, Էրեն Քեսքինը, Ֆիլիզ Քոչալին, Ռագըփ Զարաքոլուն, Քեմալ Սանջըլըն և Բիլգե Այքութը կանգնել են դատարանի աջառ:

Ստամբուլի 23-րդ ծանր հանցագործությունների գործով դատարանում ընթացող դատական նիստին ներկա էին Ասլը Էրդողանը և Նեջմիյե Ալփայը, ովքեր ավելի վաղ ձերբակալվել էին և ազատության մեջ գտնվող Էրեն Քեսքինը:

Ընթացող դատական նիստին ներկա էին Ասլը Էրդողանի մայրը, Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորներ Բարըշ Յարքադասը, Սեզգին Թանրըքուլուն և Սելինա Դողանը, ինչպես նաև Գերմանիայի, Անգլիայի, Ֆրանսիայի և Շվեդիայի դեսպանատների ներկայացուցիչները:

«Ձևացնելու եմ, թե արդարադատություն կա»

Պարբերականի թղթակից Ասլը Էրդողանն իր պաշտպանական խոսքը սկսել է «Ձևացնելու եմ, թե արդարադատություն կա» արտահայտությամբ՝ նշելով, որ իր դեմ դատական գործ է հարուցվել օրենքի շրջանակներում գործող թերթին թղթակցելու համար: Նա նաև մեջբերել է, որ 18 տարի առաջ սկսել է թղթակցել «Ռադիկալ» թերթին, որում տեղ գտած գրությունների պատճառով իր դեմ երբեք դատական գործ չի հարուցվել:

«Ամենացավալին այն է, որ 26 տարիների ընթացքում 8 գիրք հրատարակած և բազմաթիվ գրությունների հեղինակի դեմ մի քանի գրությունների հետևանքով է մեղադրանք ներկայացվում: Ես գրող եմ, իմ կյանքի, գոյատևման նպատակը պատմելն է: Ահաբեկչական խմբավորման մաս կազմելու մեջ մեղադրվում եմ միայն այն պարզ պատճառով, որ անունս ընդգրկված է թերթի թղթակիցների ցանկում»,- պաշտպանական խոսքում նշել է Ասլը Էրդողանը:

«Ձերբակալությունը մեկուսացման է վերածվել»

Նաջմիյե Ալփայը պաշտպանական խոսքում նշել է, որ ձերբակալվել է այն պարզ պատճառով, որ «Օզգյուր գյունդեմ»-ում մեկօրյա գլխավոր խմբագիր է եղել: Ալփայը հայտարարել է, որ դա արել է, քանի որ խոսքի ազատության կողմնակից է: «Ինչ-որ իմաստով անարդար մեկուսացման եմ ենթարկվել: Չորս ամիս է՝ բանտարկված եմ: Ձերբակալությունը մեկուսացման է վերածվել: Պահանջում եմ արդարացնել և ազատ արձակել ինձ»,- նշել է Նեջմիյե Ալփայը:

Իրավապաշտպան Էրեն Քեսքինը հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները. «Մարդու իրավունքների պաշտպան եմ: Պարբերականում երեք տարի գլխավոր խմբագիր եմ եղել: Սակայն դա միայն թղթի վրա է նշված եղել, քանի որ որպես փաստաբան շատ զբաղված եմ եղել: Պարբերականի կազմի մեջ ներգրավված լինելու պատճառով 140 տարբեր դատական գործեր են հարուցվել իմ դեմ: Ահաբեկչական խմբավորման մաս կազմելու մեջ մեղադրում են մեկին, ով ամբողջ կյանքում պաշտպանել է մտքի ազատությունը և հանդես է եկել բռնության դեմ»:

Դատախազը պահանջել է ազատ արձակել Ասլը Էրդողանին, Նեջմիյե Ալփային և Զանա Քայային և շարունակել պարբերականի խմբագիր Ինան Քըզըլքայայի կալանքը:

Դատարանը որոշում է կայացրել Էրդողանին, Ալփային և Բիլիրին ազատ արձակել:

Դատական նիստի աց հետո՝ նույն օրը երեկոյան Ասլը Էրդողանը, Նեջմիյե Ալփայն ու Զանա Բիլիրը դուրս են եկել Բաըրքյոյի բանտից: