Ստամբուլում Ամանորի գիշերը տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով 39 մարդ է մահացել

Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասում գտնվող «Ռեինա» զվարճանքի կենտրոնում ամանորյա զվարճանքի ընթացքում զինված հարձակում է տեղի ունեցել: Հարձակման հետևանքով 39 մարդ է մահացել, 65 հոգի վիրավոր է:

Զինված հարձակումը հունվարի 1-ին՝ ժամը 01:15-ի շրջակայքում է տեղի ունեցել:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, խոսելով զինված հարձակման մասին, նշել է. «Ըստ մեր տվյալների՝ 39 մարդ է մահացել: Նրանցից 21-ի ինքնությունը հայտնի է: Աշխատանքները շարունակվում են՝ պարզելու մյուս 18-ի ինքնությունը: 21-ից 16 հոգին օտարերկրացի է, 5-ը՝ Թուրքիայի քաղաքացի: Մյուսների ինքնության մասին առայժմ ոչինչ չեմ կարող ասել»:

«Այս պահի դրությամբ 69 հոգի բուժօգնություն է ստանում: Չորս վիրավորների վիճակը ծանր է, մեկինը՝ շատ ծանր:

Ահաբեկչի որոնողական աշխատանքները շարունակվում են: Ոստիկանությունը սկսել է անհրաժեշտ գործողությունները: Հույս ունենք՝ կարճ ժամանակ անց կհայտնաբերվի: Աստված տա՝ նման զինված հարձակում այլևս չկրկնվի:

Ըստ ոստիկանության տվյալների՝ հարձակումը մեկ հոգի է իրականացրել: Վերարկուով և անդրավարտիքով է եղել, կրակելով մուտք է գործել զվարճանքի կենտրոն: Տվյալներ կան, որ դուրս է եկել այլ հագուստով: Ոստիկանությունը ճշտում է այս տվյալները»,- նշել է Սոյլուն: 

Զինված հարձակումը ԻՊ-ն է ստանձնել 

«Associated Press» և «Reuters» լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ Իսլամական պետությունն է ստանձնել Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասում գտնվող «Ռեինա» գիշերային ակումբում տեղի ունեցած զինված հարձակումը:

Գործակալությունները նշում են, որ ԻՊ-ի գրավոր հայտարարության մեջ Թուրքիան «քրիստոնյաների պաշտպան» արտահայտւթյամբ է ներկայացված, և նշված է, որ հարձակումները շարունակվելու են, քանի դեռ թուրքական զորքերի գործողությունները շարունակվում են: