Թուրքիայի ԱԳՆ․ «Ինքնությունը հայտնի է»

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ Օրթաքյոյի գիշերային ակումբի զինված հարձակումն իրականացնողի ինքնությունն արդեն հայտն է։

Մևլյութ Չավուշօղլուն, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է․ «Օրթաքյոյում կատարված հարձակման հեղինակի ինքնությունը հայտնի է, աշատանքները շարունակվում են»։

Իզմիրում 5 մարդ բերման է ենթարկվել

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռեինա գիշերային ակումբում Նոր տարվա գիշերն իրականացված, 39 մարդու մահվան պատճառ դարձած զինված հարձակման դեպքի առնչությամբ Իզմիրում հինգ հոգի բերման է ենթարկվել։ Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ զինված հարձակման դեպքի հետաքննության շրջանակներում Իզմիրում հատուկ գործողություններ են իրականացվել։ 

«Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ ԻՊ-ին անդամակցելու կասկածանքով հինգ հոգի բերման է ենթարկվել։

Ռեինա ակումբում Ամանորի գիշերը տեղի ունեցած զինված հարձակումը 39 մարդու կյանք էր խլել, 69 մարդ վիրավոր է։ 

Իսլամական պետությունը ստանձնել էր զինված հարձակման պատասխանատվությունը։ Դեպքի առնչությամբ Ստամբուլում և Քոնյայում իրականացված ոստիկանական գործողությունների արդյունքում 16 հոգի բերման էր ենթարկվել։ Բերման ենթարկվածներից երկուսն օտարերկրացի են։ 

Զինված անձը փախել էր դեպքի վայրից՝ այնտեղ թողնելով զենքը։ Մատնահետքերի զննություն էր իրականացվել։ Ոստիկանությունը նաև լրատվամիջոցներին էր փոխանցել հանցագործի որոշ տեսագրություններ։