Թուրքիան Հայաստանի և Իրանի հետ սահմաններին բետոնե պատ է կառուցելու

Թուրքական «Սթար» պարբերականի թղթակից Էրջան Բայսալը գրում է, որ Սիրիայի հետ սահմանին պատ կառուցելուց հետո Թուրքիան Հայաստանի և Իրանի հետ սահմաններին էլ է բետոնե պատեր կառուցելու։

«Սթար»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային անվտանգության և Ֆինանսների նախարարությունները նախատեսում են պատ կառուցել սահմանային Արդահան, Կարս և Իգդիր քաղաքներում։ Անվտանգության աղբյուրները Թուրքիայի արևելքում բետոնե պատեր կառուցելը բացատրել են «ահաբեկչության և մաքսանենգության դեմ պայքարով»։ 

Պարբերականում տեղ գտած նյութի համաձայն՝ բետոնե պատերի շինարարությունը TOKİ-ն՝ Զանգվածային բնակարանաշինության գրասենյակն է ստանձնելու։ Նշվում է, որ հարևան երկրների հետ առևտրային հարաբերությունները չեն թուլանալու, ավելին՝ Իրանի և Վրաստանի հետ առևտրաշրջանառությունն ավելացնելու համար այդ երկրների հետ սահամններին բետոնե պատեր են կառուցվելու։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Հայաստանի սահմանի մաքսային անցակետի արդիականացմանն ուղղված աշխատանքներն ավելի արագ թափ են ստանալու։ Սա այն պայմաններում, երբ Հայաստանի հետ մաքսային անցակետը չի շահագործվում։

Զանգվածային բնակարանաշինության գրասենյակի՝ TOKİ-ի և Թուրքիայի Ֆինանսների նախարարության միջև 2016թ․ մայինի 5-ին պայմանագիր էր կնքվել, որով TOKİ-ն 6 սահմանային նահանգներում երեք մետրանեց բետոնե պատեր և ճանապարհներ, պահակադիտանոցներ է կառուցելու։

Անվտանգության աղբյուրների փոխանցմամբ՝ Սիրիայի սահմանին բետոնե պատերի կառուցման աշխատանքները շարունակվում են․ «Սիրիայի սահմանին պատի շինարարության աշխատանքներն արագ թափով շարունակվում են։ Հետագա նախագծերի պլանավորումն էլ է իրականացվում։ Ըստ նախնական պլանի՝ հարավային սահմանի ավարտից հետո երկրի արևելյան սահմանների աշխատանքներին ենք անցնելու։ Նախատեսում ենք բետոնե պատեր կառուցել նաև Արդահան, Իգդիր և Կարսի սահմանագծերում»։  

Սահմանգծին երկու մետր լայնությամբ, երեք մետր բարձրությամբ 7 տոննայանոց շարժական բլոկերից բաղկացած պատ է կառուցվում, որն այնուհետև փշալարերով է պատվում։ Սահմանային բետոնե պատերը շարժական են լինելու։ Պարբերականի փոխանցմամբ՝ հսկայանակ բլոկերում բարձր դիմակայունությամբ բետոն է օգտագործվում։  TOKİ-ն ոչ միայն անվտանգության պատերի, այլ նաև անվտանգության ճանապարհների  կառուցման աշխատանքներն է ստանձնել։

«TOKİ»-ի տնօրեն Էրգյուն Թուրանը նշել է, որ ապրիլ ամսին Սիրիայի սահմանին պատի կառուցման աշխատանքներն ավարտին են հասցվելու։ «Գազիանթեփ, Շանլըուրֆա և Քիլիսի նահանգներում սահմանային պատի կառուցման աշխատանքներն ենք իրականացնում։ Սահմանահատումները հսկելու, անվտանգություն ապահովելու համար սահմանային պատը շատ կարևոր է»,- նշել է Թուրանը։