Դողանից Բերեջիկլյանին․ «Ստիպված ենք արարել՝ ինչպես Զաբել Եսայանը»

ԺՀԿ Ստամբուլի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը նամակ է գրել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի 45-րդ վարչապետ ընտրված հայազգի քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանին։

Թուրքական Ժողովրդա-հանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանը նամակ է գրել Ավստրալիայի ամենամեծ բնակչությունն ունեցող Նոր Հարավային Ուելսի նորանշանակ հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին։ Բերեջիկլյանին ուղղված շնորհավորական նամակում Սելինա Դողանը նշում է, որ ստիպված են Զաբել Եսայանի պետ ուժեղ լինել և արարել։ Դողանը նաև Բերեջիկլյանին հրավիրել է Թուրքիա։

Նոր Հարավային Ուելսի կին վարչապետին ուղղված հայերեն և անգլերեն նամակներում Դողանը շեշտել է, որ 100 տարի առաջվա տառապանքների հետևանքով աշխարհի տարբեր անկյուններում ապրող ազգի զավակներ են և ապրում են պատմական, սոցիոլոգիական և քաղաքական տարբեր իրականություններ ունեցող երկրներում։

Իր նամակում Սելինա Դողանը նշել է, որ որպես կին և որպես փոքրամասնություն ստիպված են մեծ դժվարություններ հաղթահարել․ «Չնայած բոլոր դժվարություններին, մենք՝ հայ կանայք, ստիպված ենք քաղաքականությամբ զբաղվել՝ հաշվի առնելով մեր հասարակությունների իրականությունները, ստիպված ենք համակեցության, հասարակական համերաշխության և գենդերային հավասարության համար պայքարել»։

«Նախ և առաջ ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի Լիբերալ կուսակցության նախագահի և նահանգի 45-րդ վարչապետի պաշտոնները ստանձնելու կապակցությամբ։ 100 տարի առաջվա մեծ տառապանքներից հետո աշխարի մի շարք անկյուններ ցրված ազգի մասնիկներն ենք։ Պատմական, սոցիոլոգիական և քաղաքական տարբեր իրականություններ ունեցող երկրներում ենք ապրում։ Որպես փոքրամասնություն և կին՝ փորձել ենք և փորձում ենք հաղթահարել մի շարք դժվարություններ։ Չնայած բոլոր դժվարություններին, մենք՝ հայ կանայք, ստիպված ենք քաղաքականությամբ զբաղվել՝ հաշվի առնելով մեր հասարակությունների իրականությունները, ստիպված ենք համակեցության, հասարակական համերաշխության և գենդերային հավասարության համար պայքարել։ Ստիպված ենք ուժեղ լինել և արարել ինչպես Զաբել Եսայանը։ Ստիպված ենք համերաշխության մեջ գտնվել աշխարհի մի շարք երկրներում քաղաքականությամբ, արվեստով զբաղվող, մայրություն անող հայ կանանց հետ։ Որպես պատգամավոր հայ կին, ով Թուրքիայում քաղաքականությամբ է զբաղվում՝ Ձեզ կրկին շնորհավորում եմ նոր պաշտոնների կապակցությամբ։ Հպարտ կլինեմ Ձեզ հյուրընկալելու Թուրքիայում»,- նամակում նշել է Թուրքիայի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը։