«Ներկայի պատմաբանը»՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Կովկասի շուրջ հետազոտություններով և Ղարաբաղյան հակամարտության շուրջ «Սև այգի» գրքով հայտնի լրագրող, հետազոտող Թոմաս դե Վաալի նոր գիրքը՝ «Մեծ աղետից հետո․ հայ-թուրքական հարաբերությունները՝ ցեղասպանության ստվերում», հրատարակվել է նաև թուրքերեն։ Դե Վաալի հետ զրուցել ենք «Իլեթիշիմ» հրատարակչության կողմից թուրքերեն լույս տեսած գրքի, ինչպես նաև Հարավային Կովկասում, Թուրքիայում վերջին զարգացումների մասին։

-Ձեր նոր գրքում հայ-թուրքական հարաբերությունների պատմությունն եք ներկայացնում։ Այս գրքի գաղափարն ինչպե՞ս ծագեց։

-Մասնագիտական կյանքիս մեծ մասը Ռուսաստանում կամ Հարավային Կովկասի երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում եմ անցկացրել։ «Արևելյան Հայաստան» և Լեռնային Ղարաբաղ այցելություններիս շնորհիվ հայերին ավելի լավ ճանաչեցի։ Սակայն շարունակական այցելություններիս ընթացքում հասկանում էի, որ հայերի մասին պատկերացումներս շատ թերի են։ Երևանում Արարատ լեռան ներկայությունից երբեմն շատ ես ազդվում։ Իրականում լեռը միշտ կա՝ երբեմն անտեսանելի։ Բացակայող այդ մասնիկը՝ հեռվում գտնվող լեռը, այսօր արդեն որպես հայոց ցեղասպանություն ճանաչվող դեպքերն է, որ պատճառ է դարձել մարդկանց մահվան, հայոց հայրենիքի կորստին և ժամանակակից Հայաստանի պատմության վրա դրա ազդեցությունն է։

Նյու Յորքի արքեպիսկոպոս Պարսամյանն ինձ հրավիրեց մասնակցելու ամերիկահայերի՝ դեպի Թուրքիայի արևելյան շրջաններ ուխտագնացությանը։ Սա ինձ համար շրջադարձային եղավ։ Պապերի հողն այցելող և հիմնականում տարեց հայերից բաղկացած խմբի հետ անցկացրածս մի քանի օրն անմոռանալի և տպավորիչ փորձ էր։ Պատճառը նախ և առաջ ամբողջ ճանապարհորդության ընթացքում մարդկանց պատմած ընտանեկան պատմություններն էին, ինչպես նաև այդ պատմական տարածքներ այցելելու հնարավորությունն էր։ Երրորդ պատճառն էլ այն էր, որ այդ ժամանակ՝ 2012-ին, Արևելյան Անատոլիան առերեսվում էր պատմությանն ու անցյալին․ ճանապարհին մեզ հանդիպած գրեթե բոլոր թուրքերն ու քուրդերը շատ անկեղծ էին։ Ե՛վ թուրքերը, և՛ քուրդերը ծայրաստիճան անկեղծորեն էին խոսում տարածաշրջանի հայկական ժառանգության և 1915-16թթ․ կորուստների մասին։

Այդ ճանապարհորդությունն ինձ համար այս դժվար և խրթին հարցի բանալին դարձավ։ Ճանապարհորդությանը հաջորդող տարիներին շատ հայերի, քուրդերի և թուրքերի հետ եմ զրուցել, երկար ժամանակ եմ անցկացրել՝ փորձելով հասկանալ հայ-թուրքական հարաբերությունները։ Ես պատմաբան չեմ, ուստի ճիշտ չէր լինի փորձել ներդրում անել այս թեմայի շուրջ տասնամյակներ շարունակ աշխատող պատմաբանների աշխատանքներին։ Սակայն ինձ կարող եմ անվանել «ներկայի պատմաբան», ով աշխատում է մոտ անցյալի և պատմության՝ մերօրյա իրականության վրա ունեցած ազդեցության շուրջ և լավ է ընկալում ժամանակի քաղաքական ենթատեքստը։ Գրքիս թեման էլ հենց սա է․ մի աշխատանք է, որտեղ փորձ է արվում հասկանալ՝ ինչու՞ է ամեն ինչ այսքան փոխվել և դեպքերից հարյուր տարի անց անգամ այս հարցն ինչու՞ է այսքան ցավոտ, 1916-ից հետո հայ-թուրքական հարաբերությունների «պատմության պատմության» մասին մի աշխատանք է։ 


-Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի մաիսն ի՞նչ կարծիքի եք։ Ըստ Ձեզ՝ գործընթացքում առկա խոչընդոտները որո՞նք են։ 

-Բաժակը կիսով չափ դատա՞րկ է, թե՞ լիքը։ Սա մի քիչ այս հարցին է նմանվում։ Կախված է նրանից, թե ինչպես ենք գնահատում։ Լավատեսը կասի, որ բաժակը կիսով չափ լիքն է, սակայն վատատեսը բաժակը կիսով չափ դատարկ է տեսնելու։ Պատճառներ ունենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցում բաժակը կիսով չափ լի համարելու համար։ Նախ սկսենք նրանից, որ 15 տարի առաջվա Թուրքիայում իմ իրականացրած հանդիումներն իրականացնելը և այդ հանդիպումների մասին գիրք հրատարակելն անհնար կլիներ։ Թուրքիայի հասարակության մեծ մասն առերեսվել է պատմության սև էջերին․ գրեթե բոլոր օսմանյան հայերի ոչնչացմանը, աքսորին և բռնի իսլամացմանը։ 1970-ական թթ․ Թուրքիայում արմատացած ժխտողական մոտեցումը այլևս անվավեր է։ Պատմաբաններն իրական իրադարձությունների մասին են գրում, գրքեր են հրատարակվում։ Որոշ եկեղեցիներ վերաբացվել են։ Շարքային հայերի և թուրքերի միջև մշակութային կապ է ստեղծվել։ 

Սակայն մյուս կողմից էլ կարող ենք ասել, որ բաժակը կիսով չափ դատարկ է։ Թուրքիայում հայկական ճարտարապետության մի շարք կոթողներ դեռևս փլուզման, կործանման եզրին են։ Դասագրքերը դեռ աղճատված պատմություն են ներկայացնում։ Մի շարք հայեր և թուրքեր դեռ զայրույթ են զգում։ Սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված արձանագրությունները 2010-ին ձախողվեցին։ Ավելին՝ դրանից հետո պաշտոնական հարաբերություններն ավելի են վատթարացել և նոր մոտեցումների հեռանկարները շատ փոքր են։ Շարքային քաղաքացիների աշխատանքը շատ սահմանափակ է, քանի դեռ պաշտոնական Անկարայի և Երևանի միջև մերձեցում չկա։


-Անդրադառնալով Թուրքիա-Հայաստան հարաբերություններում Ադրբեջանի գործոնին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը։ Այդ դիրքորոշումն ի՞նչ ազդեցություն է ունեցել կամ ունենալու Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։ 

-Ըստ իս՝ Հայստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերություններին պետք է որպես տարբեր խնդիրներ մոտենալ։ Ադրբեջանցիները և թուրքերը, չնայած բոլոր ընդհանրություններին, տարբեր պատմություններ, կրոնական սովորույթներ և աշխարհայացքներ ունեցող ազգեր են։ Պատմական իրականություն է, որ թուրքերի մեծամասնությունը սուննի մահմեդական է և Օսմանյան կայսրություից է սերում, իսկ ադրբեջանցիների մեծամասնությունը շիա մահմեդական է և իր պատմության զգալի մասն անց է կացրել պարսկական կամ ռուսական ազդեցության տակ։ 

Հայ-Թուրքական հարաբերությունները բավական անհամաչափ են․ հայերը թուրք/օսմանյան ղեկավարների կողմից մեծ տառապանքներ են տեսել։ Իհարկե հայերն էլ թուրքերին են ցավեր պատճառել, սակայն անհամեմատ ավելի մեղմ։ Հայերի և ադրբեջանցիների հակամարտությունն ավելի համաչափ է․ այս հակամարտության հետևանքով երկու կողմն էլ տուժել է, և երկու կեղմերն էլ բողոքելու պատճառներ ունեն։ 

Ուստի Ղարաբաղյան հակամարտության հարցում Թուրքիայի՝ Ադրբեջանին ցուցաբերած աջակցությունը ցավալի է։ Թուրքիայի այս դիրքորոշումը Հայաստան-Թուրքիա կարգավորման փորձերին բացասականորեն է ազդում, այդ դիրքորոշումից Ադրբեջանը ևս չի շահում։ Ավելի լավ կլինի, որ Թուրքիան անկողմնակալ դիրքորոշում ունենա, և որպես «անկողմնակալ միջնորդ» տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար Բաքվին համոզի ավելի խիզախ զիջումների գնալ։ Սա կնպաստի բոլորին, այդ թվում Թուրքիային։

-Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար կողմերն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն։

-Այս դժվար խնդրի մաս դարձած երկու կողմերը պետք է միմյանց ավելի բայրացկամ վերաբերմունք ցուցաբերեն և ըստ դրա քայլեր ձեռնարկեն։ Այդ քայլերը պետք է երկկողմանի լինեն։ Այդ քայլերը նմանեցնում եմ մեկը մյուսին շրջելով առաջ շարժվող դոմինայի քարերին։ Պատմական վերքերի հարցում հուժկու զգացմուքններ ունեցող Հայաստանի և Ադրբեջանի համար դժվար կլինի առաջին քայլն անելը։ Թուրքիայի պետ մեծ և հզոր երկրի կողմից առաջին քայլն անելն ավելի խելամիտ կլինի։ Ըստ իս՝ առաջին քայլը պետք է լինի դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը հայտարարելը և սահմանը բացելը։ Եվ կցանկանայի, օրինակ, Թալեաթ Փաշայի անունը կրող փողոցների անվանափոխության նման սիմվոլիկ քայլեր տեսնել։ Իհարկե ցանկալի է Անկարից 1915-16-ի ժխտողական մոտեցումից հրաժարվելու նշաններ տեսնել, ինչպես նաև 1615-16-ին զոհվածների թոռներից ներողության ավելի ազդեցիկ հայտարարություն։ 

Հայաստանն էլ պետք է որոշ քայլեր ձեռնարկի։ Նախ պետք է պատրաստակամ լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ավելի լուրջ և լայնամասշտաբ մոտեցման՝ ադրբեջանական հսկողությանը հանձնելով Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս գտնվող բռնագրավված տարածքները։ Իսկ Թուրքիայի հարցում, Հայաստանը կարող է հայտարարություն տարածել՝ ներողություն խնդրելով 1970-80-ական թվականներին հայերի կողմից սպանված դիվանագետների ընտանիքներից։ Սակայն կրկնում եմ՝ Թուրքիան պետք է առաջին քայլը կատարի, որից հետո միայն Հայաստանը կարող է գործի անցնել։

Ադրբեջանի քյալերը պետք է հետևյալը լինեն։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում խոչընդոտ չհանդիսանալ և հասկանալ, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն ինչքան կարևոր կլինի հայ-ադրբեջանական հակամարության կարգավորման գործընթացում։

«Ցեղասպանություն» եղրույթի փոխարեն «Մեծ եղեռն»

-Ձեր գրքի նախաբանում նշում եք, որ հայոց ցեղասպանությունը ճանաչում եք, սակայն գրքում «ցեղասպանություն» եզրույթի փոխարեն «մեծ աղետ» եզրույթն եք օգտագործում։ Ինչու՞։

-Ես «ցեղասպանություն« եզրույթը չեմ սիրում։ Ըստ իս՝ սառը և ոչ օգտակար տերմին է։ Ռաֆայել Լեմկինն այս եզրույթը ստեղծել է նացիստների կողմից Եվրոպայի հրեաների զանգվածային ոչնչացումը բնութագրելու համար։ Այս տերմինը միջազգային իրավահամակարգում չէր լինի, եթե չլիներ Հոլոքոստը։ Այսինքն՝ այս եզրույթի գլխավերևում Հոլոքոստի ստվերն է առկա, ուստի ցեղասպանության մեջ մեղադրվող ոչ ոք չի ցանկանում նացիստների հետ համեմատվել։ 

Միանշանակ համաձայն եմ, որ «ցեղասպանություն» տերմինը շատ լավ բնութագրում է 1915-16-ին օսմանյան հայերի գլխին եկածները, այդ է պատճառը, որ իմ գրքում օգտագործում եմ Հայոց ցեղասպանություն արտահայտությունը։ Ավելի վատ կլիներ, եթե այս եզրույթն ընդհանրապետ չօգտագործեի։ Սակայն մեծ հաճույքով չեմ օգտագործում այդ եզրույթը։ Կարծում եմ՝ այս բառը շատ հախուռն է և միաժամանակ սառը․ մի կողմից որոշ մարդկանց կողմից օգտագործվում է շատ զգացմունքային և քաղաքականապես, մյուս կողմից էլ իրավական իմաստ ունը, որը շատ լավ հստակեցված չէ։ Այս հարցում շատ լավ ինտուիտիվ պատկերացում ունեցող Հրանտ Դինքն ասում էր․ «Ինձ համար դժվարընդունելի է, որ մարդկանց առնչվող այս դեպքը բանտարկվում է իրավական տերմինի [ցեղասպանություն] մեջ և դրանից եզրակացություններ և քաղաքականություն է իրականացվում»։

Այդ պատճառով էլ նախընտրում եմ «Մեծ եղեռն» տերմինը, որն ավելի հավասարակշիռ տերմին է և միայն 1915-1916-ին հայերի հետ կատարվածների է վերաբերում։ Եթե «ցեղասպանություն» եզրույթի փոխարեն «Մեծ եղեռն» եզրույթն օգտագործվեր, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ավելի մեծ առաջընթաց կլիներ։  


Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ