Ձերբակալվել է լրագրող Դենիզ Յուջելը

Փետրվարի 14-ին բերման ենթարկված Die Welt-ի Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելը ձերբակալվել է՝ «ահաբեկչական խմբավորման պրոպագանդայի և ժողովրդին ատելության և թշնամանքի հրահրելու» մեղադրանքով։ Անգելա Մերկելը Յուջելի ձերբակալությունը տխուր և անհամաչափ է անվանել։

Լրագրող Յուջելը նյութեր է պատրաստել Թուրքիայի Էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի էլ-նամակների շուրջ, որոնք հրապարակվել էին հաքերների կողմից։ Ալբայրաքի մասին նյութերի պատճառով լրագրողը մեղադրվել է «ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու, անձնական տվյալները շահագործելու և ահաբեկչության պրոպագանդա» իրականացնելու մեջ։

Նշվում է, որ Դենիզ Յուջելը հարցաքննվել է իր լրագրողական գործունեության մասին։ Նրան հարցաքննել են Թուրքիայի հարավ-արևելքի քրդերին առնչվող նյութերի մասին։ 

Լրագրողներ Թունջա Օրեթենը, Օմեր Չելիքը և Մահիր Քանաաթը նույնպես ձերբակալվել էին նույն հետաքննության շրջանակներում։

Դենիզ Յուջելի փաստաբաններ Վեյսել Օքը և Ֆերաթ Չաղըլը նշել են, որ յոթ օրվա ընթացքում բողոքարկելու են դատարանի որոշումը։

Թուրքիայի և Գերմանիայի քաղաքացի հանդիսացող 43-ամյա Յուջելը փետրվարի 14-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն։ Նրա բերման ենթարկվելու փաստը գերմանացի քաղաքական գործիչների քննադատությանն էր արժանացել։

Մերկել․ «Ցավ և հիասթափություն է առաջացրել»

Դենիզ Յուջելի ձերբակալության որոշումը Գերմանիայի կառավարության ներկայացուցիչների բողոքն է առաջացրել։ Die Welt-ի հետ զրույցում Անգելա Մերկելը Յուջելի ձերբակալությունը որակել է որպես «ցավ և հիասթափություն պատճառող»։ Նա մատնանշել է, որ Յուջելը ինքնակամ է նարկայացել ոստիկանություն և նշել է, որ ընդունված որոշումը շատ ծանր է և անհամաչափ։

Գաբրիել․ «Այս օրինակը ցույց է տալիս՝ ինչքան տարբեր ենք»

Գերմանիայի արտգործնախարար Սիգմար Գաբրիելը ևս քննադատել է Die Welt-ի թղթակցի ձերբակալությունը։ Գաբրիելի քննադատությունն ավելի խիստ է եղել։ Նա նշել է, որ այս օրինակը «ցույց է տալիս մամլո և խոսքի ազատության հարցում երկու երկրների մոտեցումների տարբերությունը»։

Երեքշաբթի օրը նախատեսվում է բողոքի ակցիա իրականացնել Բեռլինում Թուրքիայի դեսպանատան առջև։ Նախատեսվում է, որ բողոքի ակցիային մասնակցելու են Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, պատգամավորներ և «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչներ։