ՄԱԿ-ը կոչ է անում հետաքննել Թուրքիայի հարավ-արևելյան շրջանների սպանություններն ու ավերությունները

Միավերված ազգերի կազմակերպության՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի պատրաստած զեկույցի համաձայն՝ 2015թ․ հուլիսից 2016թ․ դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում կատարված գործողությունների հետևանքով գրեթե 2000 մարդ է զոհվել, 500 հազարը՝ տեղահան արվել։

Հանձնաժողովը կոչ է արել անհապաղ հետաքննություն իրականացնել՝ հիշեցնելով, որ թուրքական կառավարությունը արգելել է ՄԱԿ-ի փորձագետների մուտքը նշված շրջաններ։ 

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը կոչ է արել անհապաղ հետաքննություն իրականացնել 18 ամսվա ընթացքում Թուրքիայի հարավ-արևելքում կատարված ռազմական գործողությունների ընթացքում մարդու իրավունքների խախտման դեպքերի առնչությամբ։

BBC թուրքերենի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ Հուսեյինը նշել է, որ 18 ամսվա ընթացքում մոտ 2000 մարդ է զոհվել, որոնցից 800-ը անվտանգության աշխատակիցներ են, և որ մարդու իրավունքների խախտման բազմաթիվ դեպքեր են գրանցվել։

Զեկույցում նաև նշվում է, որ Քրդական աշխատավորական կուսակցության կազմակերպած հարձակումների հետևանքով մի շարք անվտանգության աշխատակիցներ վիրավորվել են։ 

Մարդու իրավունքների լուրջ խախտումներ 

25 էջանոց զեկույցում նշվում է, որ 2015թ․ հուլիսից 2016թ․ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Թուրքիայի անվտանգության ուժերի կազմակերպած գործողությունների հետևանքով «ծանր ավերածություններ, սպանություններ և մի շարք այլ մարդու իրավունքների խախտումներ» են գրանցվել։ 

ՄԱԿ-ի զեկույցում Թուրքիայի կառավարությանը կոչ է արվում սպանությունների և մարդու իրավունքների խախտման այլ դեպքերի առնչությամբ հետաքննություն սկսել։ Նաև նշվում է, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչներին մեկ տարի շարունակ չի թույլատրվել մուտք գործել քրդերով բնակեցված հարավ-արևելյան շրջանները։

500 հազար մարդ անտուն է թողնվել

Զեկույցում վկայություններ և արբանյակային պատկերներ են ներկայացվել, որոնք վկայում են 30-ից ավել բնակավայրերում ծանր զենքերով պատճառված մեծ վնասները։

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ մոտ 500 մարդ՝ մեծամասնությունը քրդեր, անտուն է մնացել։ 

2016թ․ սկզբին Շըրնաքի Ջիզրե գավառում 189 տղամարդ, կին և երեխա շաբաթներ շարունակ առանց ջրի և սննդի են մնացել, չեն ստացել որևէ բուժօգնություն, զուրկ են եղել էլեկտրաէներգիայից։ Տան նկուղներում պատսպարված այս մարդիկ, այնուհետև, զոհ են դարձել հրետանային կրակի հետևանքով առաջացած հրդեհներին։

«Տեսնում ենք, որ ոչ մի կասկածյալ չի ձերբակալվել, ոչ ոք չի հետաքննվել»,- նշված է զեկույցում։

ՄԱԿ-ի զեկույցում նաև նշվել է, որ ապացույցների հավաքագրումն ու դիակների ախտորոշումն արգելվել են։