Նահանգապետարանը միջամտել է պատրիարքական ընտրություններին

Թուրքիայի հայոց պատրիարքական ընտրությունների առաջին քայլը՝ պատրիարքական տեղապահի ընտրությունները կայացել են այսօր։ Տեղապահ է ընտրվել Գերաշնորհ Տ․ Գարեգին Արքեպիսկոպոս Բեքչյանը։ Սակայն Ստամբուլի նահանգապետարանը միջամտել է Թուրքիայի հայոց պատրիարքական ընտրությունների գործընթացին՝ տեղապահի ընտրությունները համարելով «իրավականորեն» անընդունելի։ Նահանգապետարանի միջամտության առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ընտրված տեղապահ Բեքչյանը։

Քումքափըում գտնվող Թուրքիայի հայոց պատրիարքարանում այսօր՝ ժամը 15։00-ին, պատրիարքական տեղապահի ընտրություններ են կայացել։ Ընտրելու իրավունք են ունեցել Հոգևոր գլխավոր խորհրդի 30 անդամները․ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյան, Գարեգին Արքեպիսկոպոս Բեքչյան, Սահակ Եպիսկոպոս Մաշալյան, ծայրագույն վարդապետեր Թաթուլ Անուշյան, Զագեոս Օհանյան, Զատիկ Բաբիկյան, Պսակ Հաթաբյան, Եղիշե Ուչքունյան, վարդապետեր Մաղաքյա Բեսքիսզիյան, Հարություն Դամադյան, Շնորհք Տոնիկյան, երիցագույն քահանաներ Մյուռոն Այվազյան, Գևորգ Չնարյան, Գրիգոր Դամադյան, Անդրեաս Հակոբյան, Սարգիս Քույումջյան, Տիրան Ռեիսյան, քահանաներ Զավեն Բըչաքչյան, Պետրոս Բուլդուքյան, Մինա Ջիհանգյուլյան, Զոհրապ Ջիվանյան, Կորյուն Ֆեներջյան, Հուսիկ Հերգելյան, Մաշտոց Քալփաքչյան, Զաքար Քոփարյան, Շիրվան Մյուրզոյան, Շահեն Օհանյան, Ավետիս Թաբաշյան, Տրդատ Ուզունյան։ 

Պատրիարքական տեղապահի թեկնածուներն էին Պատրիարքի գլխավոր փոխանորդ Արամ Աթեշյանը, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը և գերմանահայոց հոգևոր առաջնորդ արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանը։ Սակայն ընտրություններից առաջ արած հայտարարության մեջ Մաշալյանը նշել էր, որ հրաժարվում է իր թեկնածությունից և ընտրություններում սատարում է Բեքչյանին։ Նախատեսվում էր, որ ընտրություններից հետո Աթեշյանը հրաժարվելու էր պատրիարքական գլխավոր փոխանորդի պաշտոնից։ 

Նահնագապետարանը միջամտել է ընտրություններին

Ստամբուլի նահանգապետարանը միջամտել է պատրիարքական ընտրությունների գործընթացին։ Նահանգապետի տեղակալը գրություն է ուղարկել Պոլսո հայոց պատրիարքարան, որում նշել է, որ պատրիարքական ընտրությունները «իրավականորեն» չեն կարող իրականացվել։

Պատրիարքական տեղապահի ընտրություններում ձայների մեծամասնությամբ տեղապահ է ընտրվել Գարեգին Բեքչյանը։ Ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո Արամ Աթեշյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին և ներկաներին բաժանել է Ստամբուլի նահանգապետարանից ստացված գրությունը, որում նշվում է, որ պատրիարքական ընտրություններ իրականացնելը իրավականորեն անհնար է։

Բեքչյան․ «Այց է կատարվելու նահանգապետարան»

Այսօր կայացած պատրիարքական տեղապահի ընտրությունների առնչությամբ Ստմաբուլի նահանգապետարանից կատարված միջամտության առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ընտրված տեղապահ Գարեգին Բեքչյանը։ 

Բեքչյանը նշել է, որ պատրիարքարանից մի խումբ՝ այդ թվում Արամ Աթեշյանն ու Սահակ Մաշալյանը, այցելելու են Ստամբուլի նահանգապետարան։ «Ես նահնագապետարան չեմ գնալու։ Այցի ընթացքում մերոնք պատրիարքական տեղապահի ընտրությունների տրամաբանությունն են բացատրելու։ Այնուհետև հայտարարություն է արվելու։ Սա մի քանի օր է տևելու, և ես այդ ընթացքում այստեղ եմ լինելու»,- նշել է Բեքչյանը։